Originally posted by at Աշուն է։ Երեկոյան դպրոցի ժամանակն է։

«Ժառանգ» հասարակական կազմակերպություն

«Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց

Երևան, հոկտեմբերի 4 — դեկտեմբերի 11, 2010

Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական և ժամանակակից մեթոդները, ուսումնասիրել զանազան հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական գործողություններն, ինչպես նաև քարոզչության և հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Ուսումնասիրվող առարկաներն են.

  • Տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն և հանրային կարծիքի ձևավորում, ժամանակակից հակամարտություններում տեղեկատվական և հոգեբանական գործողություններ։
  • Տարածաշրջանային հակամարտություններ. դրանց պատմաքաղաքական և ժողովրդագրական արմատները։ Ռազմավարական աշխարհագրություն։ Տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
  • Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ։

Մանրամասներն ու դիմումի ձևն այստեղ. «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց

* * *

Պաշտոնական հայտարարությունից զատ մի երկու խոսք էլ ավելացնեմ.

ա. Սա արդեն վեցերորդ նմանատիպ դասընթացն է։ Նախորդ անգամները մրցույթը եղել է մեկ տեղի համար երեքից վեց դիմորդ։

բ. Դպրոցից հետո շրջանավարտները մի քիչ այլ ձևի են նայում աշխարհին։ Այդ պատճառով մեզ երբեմն մեղադրում են, թե «աղանդ» ենք 🙂

գ. Մենք աշխատում ենք շատ լարված գրաֆիկով, «ձեռքի հետ մասնակցել» չի ստացվում։

դ. Դպրոց գալիս են տարբեր մասնագիտությունների և քաղաքական հայացքների տեր մարդիկ՝ ֆիզիկոսներից մինչև քաղաքագետներ, ՀԱԿ-ի անդամներից մինչև դաշնակցականներ։

* * *

Իմ կարծիքով դպրոցն առավել օգտակար կլինի հետևյալ ոլորտներով զբաղվողների համար.

ա. Քաղաքականությունով զբաղվողներին, քաղաքագետներին, քաղաքականությունը լուսաբանող լրագրողներին և բլոգգերներին։

բ. Սոցիալ հոգեբաններին, սոցիոլոգներին, զանգվածային հաղորդակցություններով և հակամարտություններով հետաքրքրվողներին։

գ. Զանազան հասարակական շարժումների ակտիվիստներին։

դ. Արևելագետներին։

Իմաստ չունի դիմել. երիտչինովնիկներին, սպամերներին, արագ հարստանալու դեղատոմսեր որոնող անձանց։ Սա գրում եմ՝ հաշվի առնելով նախորդ դպրոցների որոշ դիմումներ։

* * *

Ժառանգի գործունեությանը կարելի է հետևել նաև Ֆեյսբուքի միջոցով։ Ուրախ կլինեմ դպրոցին վերաբերող հարցերին պատասխանել այստեղ կամ Ֆեյսբուքում։