Գիտականության չափանիշներից մեկը (ամենևին ոչ միակը և առավել ևս միանշանակ ընդունվողը) հերքելիության չափանիշն է: Այդ չափանիշի էությունը կայանում է նրանում, որ գիտական են այն տեսությունները, որոնքը սկզբունքորեն անհերքելի չեն, այսինքն՝ ենթադրվում է, որ կարող են ի հայտ գալ այդ տեսությունը հերքող փաստեր: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն դա միայն առաջին հայացքից: Միայն այն դեպքում իմաստ կունենա գիտականորեն քննարկել որևէ տեսության իսկությունը, եթե այն հերքելի է: Հատուկ ընդգծեմ, որ տեսության հերքելի և հետևաբար գիտական լինելը չի նշանակում տեսության ճշմարիտ լինել: Գիտական տեսության ճշտությունը ստուգվում է հայտնի փաստերի, իսկ բնական գիտությունների դեպքում նաև փորձերի հիման վրա:

Թերևս սա է դիլետանտ հետազոտողների առաջ քաշած տեսությունների հիմնական թերություններից մեկը. այդ տեսությունները, որպես կանոն, ի սկզբանե ունեն անհերքելիության հավակնություններ և բոլոր փաստերը հարմարեցվում են այդ տեսություններին: Օրինակ՝ եթե մարդը նպատակ է դրել ապացուցել, որ հայ ժողովուրդը 8000 տարեկան է, իսկ հակառակն ապացուցող փաստերի մասին հայտարարում է, թե դրանք պարզապես կեղծիքներ են, ապա այդ մարդու առաջ քաշած տեսությունն ակնհայտորեն անհերքելի և հետևաբար հակագիտական տեսություն է (ընդհանրապես, սեփական ճշմարտությունը պնդող տեսությունները նաև ֆորմալ տրամաբանության տեսանկյունից են “անհետաքրքիր”):