Երբ փոքր էի ու մայրս իմ համար երգում էր Անդրանիկին նվիրված երգեր կամ նույնիսկ ինքս էի ինչ-որ բաներ կարդում (իսկ կարդալ ես շուտ եմ սովորել), համոզված էի, որ այդ ամենը կատարվել է բոլորովին վերջերս, բառացիորեն մի քանի տարի առաջ։ Հետո արցախյան պատերազմն էր թափ հավաքում ու երգված պատմություններն իմ ուղեղում միահյուսվում էին ռադիոյով, իսկ ավելի հազվադեպ` հեռուստացույցով մեզ հասնող տեղեկություններին։ Երբ հաջողվում էր հատուկենտ կադրեր տեսնել պատերազմից, մորս հանգիստ չէի տալիս, մինչև չասեր, թե այդ կադրերում ով է Անդրանիկը, ով է Գևորգը, ով Քեռին և մյուսները։ Ու այդպես երկար տարիներ Անդրանիկն իմ համար անցյալ չէր, իմ ժամանակակիցն էր։ Նա կռվել էր Սասունի համար, Մուշի համար, Վանի համար, հիմա էլ կռվում էր Արցախի համար։

Իսկ հետո … է հետո դասագրքեր, ծննդյան և մահվան թվականներ ու մանկական ֆանտազիայիս ծնած էպիկական սյուժեները մեկը մյուսի հետևից փլվեցին, կորան։

148 տարի առաջ այս օրը ծնվեց Անդրանիկ Օզանյանը։ Շնորհավոր ծնունդդ, զորավար։