Ու, ինչպես և նախորդը բանակում ծառայության մասին է։
Նկարագրվող առաջարկը վերաբերում է ընտրովի պաշտոններին և կառավարությանը (հակիրճության համար կասեմ ընտրովի պաշտոններ, բայց նկատի են ունեցվում նաև նախարարները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները), քանի որ բոլորի վրա տարածելը, կարծում եմ, որ չափազանց բարդ կլինի իրականացնել տեխնիկապես։ Բայց սկզբունքորեն, կարելի է և փորձել բոլորի համար։ Մանրամասները cut-ի տակ։
Ուրեմն, բոլոր ընտրովի պաշտոնների դեպքում (նախագահ, պատգմավորներ, քաղաքապետեր, ավագանու անդամներ ևն), եթե ընտրված անձը չի ծառայել բանակում, անհրաժեշտ է մտցնել բանակում չծառայելու հիմքերի օրինականությունը ստուգող պրոցեդուրա։ Պրոցեդուրան պիտի վերաբերի այն անձանց, ովքեր բանակում պիտի ծառայեին 1998-ից հետո, բայց չեն ծառայել։ 1998-ը պայմանական եմ ընտրել, խուսափելու համար 90-ականների կեսերի համընդհանուր բառդակի շրջանից։ Իսկ դրանից առաջ էլ ԽՍՀՄ-ն էր, որը հաշիվ չի։
Բանակում չծառայելու օրինական հիմքերը, եթե չեմ սխալվում, հետևյալն են.
1. Գիտական աստիճան։
2. Հիվանդություն։
3. Երկու երեխա։
4. Կառավարության որոշում։
Կարող է էլի կան, ես տեղյակ չեմ, բայց հիմանականները սրանք են։ 3-րդ և 4-րդ կետերում ամեն ինչ ակնհայտ է։ Եթե մարդն ունեցել է 2 երեխա, կամ կառավարությունը որոշումով ազատել է իրեն բանակից, ապա այստեղ ակնհայտ է, որ ամեն ինչ օրինական է ու մարդը իրավունք է ստանում շարունակել իր գործունեությունն ընտրված պաշտոնում։
Իսկ այ 1-ին և 2-րդ կետերը պետք է ստուգել։
Գիտական աստիճանի շնորհման օրինականության ստուգում։
Այս դեպքում պրոցեդուրան պիտի ենթադրի պաշտոնյայի գիտական թեզի վերանայում։ Հիմնականում պիտի ստուգվի պլագիատի հարցը, գիտական արժեքի հարցը։ Եթե հայտնաբերվի պլագիատի փաստ կամ պարզվի, որ թեզը գիտական արժեք չի ունեցել, ապա ստուգումն իրականացնող մարմինը պիտի դիմի դատարան.
1. պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու
2. նրան գիտական աստիճանից զրկելու
3. տուգանք նշանակելու և ստուգման ծախսերը փոխհատուցելու
4. ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 10 տարով զրկելու
պահանջով։ Դատարանը, եթե հիմնավոր է համարում գիտական թեզի գողացված կամ անարժեք լինելու մասին եզրակացությունը, բավարարում է բոլոր 4 պահանջները։ Բարձրագույն պաշտոնների դեպքում (Նախագահ, կառավարության անդամ) որոշում ընդունելու լիազորությունը կարող է վստահվել Սահմանադրական Դատարանին։ Բացի ՍԴ որոշումներից, մյուս դատարանների որոշումները կարող են բողոքարկվել սովորական կարգով։
Առողջական վիճակի ստուգում։
Այս դեպքում, վեր են հանվում պաշտոնյայի հիվանդության պատմությունները, ինչպես նաև նշանակվում է առանձին բժշկական քննություն։ Ստուգումը կարող է գալ երեք հնարավոր եզրակացության.
1. Պաշտոնյան բանակ զորակոչվելու ժամանակ առողջ է եղել և պիտի զորակոչվեր։
2. Պաշտոնյան բանակ զորակոչվելու ժամանակ հիվանդ է եղել և բանակից ազատվել է օրինական ձևով։
3. Հնարավոր է, որ պաշտոնյան բանակ զորակոչվելու ժամանակ հիվանդ է եղել և բանակից ազատվել է օրինական ձևով, սակայն հետագայում բուժվել է։
Ընդ որում` 3-րդ կետը հնարավոր է միայն սահմանափակ թվով հիվանդությունների դեպքում, որոնց ցանկը պետք է հաստատված լինի նախապես (որքան գիտեմ, հիվանդությունների մեծ մասը անհետ չեն բուժվում և միշտ էլ հնարավոր է պարզել, թե մարդը ունեցե՞լ է արդյոք այդ հիվանդությունը, թե ոչ ” նման դեպքերում 3-րդ կետն անհնար է)։
Եթե ստուգման արդյունքում արվել են 2-րդ կամ 3-րդ կետով նշված եզրակացությունները, ապա մարդը շարունակում է աշխատել իր պաշտոնում։ Հակառակ դեպքում ստուգումն իրականացնող մարմինը, ինչպես և նախորդ դեպքում պիտի դիմի դատարան նույն պահանջներով։
Եվ գիտական աստիճանի, և հիվանդության համար ստուգումներն իրականացվելու են մեկական անգամ, առաջին անգամ ստուգում ենթադրող պաշտոնին ընտրվելու կամ նշանակվելու ժամանակ (եթե մարդը և հիվանդ է եղել, և գիտական աստիճան է ստացել, 2-ն էլ ստուգվելու են)։ Եթե անձը նախկինում արդեն օրինական ձևով պատժվել է բանակից խուսափելու համար (օրինակ` բանտ է նստել կամ մի անգամ արդեն զրկվել է պաշտոնից ու ամբողջությամ կրել պատիժը), ապա նա չի ստուգվում և շարունակում է աշխատել իր պաշտոնում։
Ստուգումը պիտի իրականացվի ողջամիտ ժամկետներում (օրինակ` 3 ամիս)։ Ժամկետային սահմանափակումներ պիտի լինեն նաև դատավարության համար։ Ստուգման ամբողջ ընթացքում և մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը մարդը շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Ստուգման ամբողջ պրոցեսը պիտի լինի հրապարակային։ Օրինակ` առանձին կայքում պիտի տեղադրվեն յուրաքանչյուր ստուգվողի գիտական թեզերը, դրանց ընդդիմախոսությունները, բժշկական հետազոտությունների տվյալները և այլն, և այլն։ Այո, դա մարդկանց առողջությանը վերաբերող տեղեկությունները դարձնում է հանրային, դե բա դրա համար էլ օրենքը դիսկրիմինացիոն է։