Մենք ինչ-որ շատ ենք դողում մատաղ_սերնդի™ ֆիզիկական անվտանգության ու ամենակարևորը` հոգևոր անաղարտության վրա։

Ու մոռանում ենք, որ մենք էլ ենք մանուկ եղել, պստիկ, ժիր ու … աաա, էս ի՞նչ եմ ասում է։

Հա, ուրեմն, մոռանում ենք, որ մեր երեխա ժամանակ պապիկների, քեռիների, հոպարների, հարևանների, երբեմն նույնիսկ հայրերի սիրելի զվարճանքներից մեկը տղա երեխաներին բազմահարկ ուշունց սովորացնելն էր։ Չէ, կոնկրետ ինձ չեն սովորացրել, բայց դա իր օբյեկտիվ պատճառներն ուներ, ու ես ավելի շուտ բացառություն էի, քան օրինաչափություն։

Բայց նույնիսկ իմ նման բավականաչափ խելոք երեխան, թեև մեծերի ներկայությամբ չէր կիրառում, բայց բոլոր այդ հայհոյանքները գիտեր։ Ժամանակի ընթացքում թաղի մեծերից (այն է 14 և ավելի տարեկաններից) մենք նաև իմացանք այդ հայհոյանքների նշանակությունը։ Ի դեպ, այդ թաղի մեծերից մենք ժառանգեցինք նաև այնպիսի մի հետաքրքիր զբաղմունք, ինչպիսին էր տկլոր աղջիկների նակլեյկեք հավաքելը։ Իսկ եթե հանկարծ համապատասխան թեմայով որևէ ամսագիր հայտնվեր թաղում (էն ժամանակ ամսագիրը, այն էլ պեչկի կպչանացու չդառած ամսագիրը, հազվագյուտ բան էր), էդ վաաբշե ” մե ծիծաղ, մե ուրախուչուն, որովհետև ամսագրում, ի տարբերոթյուն նակլեյկեքի, նկարներն ավելի մեծ էին և որակով։

Ավելին, այդ իմ նման խելոք երեխան մյուս, ոչ այնքան խելոքների նման մեծ բարեբախտություն էր համարում, երբ թաղի ծակուծուկերից մեկում կամ փողոցի մեջտեղում որևէ սատկած շուն, կատու կամ առնետ էր հայտնաբերվում, որովհետև դրան հաջորդելու էր հանգուցյալի թաղման հանդիսավոր արարողությունը, որը միշտ շատ ուրախ միջոցառում էր։ Մենակ չասեք, թե սանիտարահիգիենիկ իրավիճակի մասին դուք դեռ այն ժամանակվանից ունեցել եք ձեր հաստատուն ու նույնիսկ քաղաքացիական դիրքորոշումը։

Էլ չեմ խոսում ասենք գարաժների ու այդ գարաժների տանիքներին կառուցված տների (սա «աղետի գոտուն» հատուկ ճարտարապետական ուրույն ոճ է) տանիքներ բարձրանալը, մի տանիքից մյուսը թռնելը, թալանված կածելնու կամ քանդված շենքերի ավերակներում թրև գալը և մետաղաջարդոն հավաքելը ու նմանատիպ այլ, չափազանց հետաքրքիր վայրերում ժամանակ անցկացնելը։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում հիմա այստեղ տալ վերոհիշյալ վայրերի գունավոր նկարագրությունը, միայն արձանագրեմ, որ այդ վայրերում մեզ տեսնելը կարող էր միաժամանակ ինֆարկտի հասցնել 18 կինարմատի, իսկ ևս 14-ի համար կպահանջվեր վալերյանկայի մեկական շիշ։

Բա մեր նայած կինոնե՜րը։ Կարծում եք դրանք մելոդրամանե՞ր էին անպատասխան սիրուց լուռ տառապող բարձրաշխարհիկ մի օրիորդի կյանքի մասին։ Առռըհա։ Այդպիսի ֆիլմը մեզ հետաքրքրելու միայն մի շանս ուներ, եթե օրիորդը ֆիլմում պիտի բավականաչափ մանրամասն զրկվեր իր այդ ստատուսից։ Դա մենք կհասկանայինք ու կգնահատեինք։ Կաննի ու Վիեննայի կինոփառատոնների մրցանակակիր կինոները նույնպես դուրս էին մեր հետաքրքրությունների շրջանակից։

Իսկ ամենասիրված ժանրը, դա բաևիկն էր ու որքան շատ էին բաևիկում արյունը, քիթումռութ ջարդելը, տուրուդմփոցը, պայթյունները, դիակները ևն, այնքան ավելի հարգի էր բաևիկը։ Եթե կինոյի տղեն բաևիկում մինիմում մի քանի տասնյակ դիակ չէր փռում, կինոն համարվում էր անհետաքրքիր ու այդ կինոյի տղու դերում իրեն պատկերացնել ոչ ոք չէր ուզում։

Իհարկե, բաևիկը, միակ ժանրը չէր, հարգի էին նաև օրինակ` կատակերգությունները, մաֆիայի մասին ֆիլմերը ևն։ Մաֆիա ասիք, հիշեցի. մի՞թե ձեր թաղում «գողականը չէին հարգում», ընդ որում` նկատենք, որ հայկական կրիմինալ սերիալներն այն ժամանակ մեզ անհայտ էին դեռևս նկարված չլինելու պատճառով։

Իսկ մուլտֆիլմե՞րը։ Արդյո՞ք դրանք բոլորը սերմանում էին վեհ գաղափարներ և ունեին դաստիարակչական կարևոր նշանակություն։ Չէ, ասենք կային, իհարկե, այդպիսի շատ ու լավ մուլտիկներ, բայց անդրադառնանք օրինակ այնպիսի կուլտըվի մուլտֆիլմի, ինչպիսին նուպագաձին էր։ Դա ուղղակի զվարճալի մուլտիկ է` առանց բարոյախրատական բովանդակության (իսկ եթե մի քիչ քթիմազություն անենք, դեռ մի բան էլ հակառակը)։ Իսկ օրինակ ի՞նչ էր ուսուցանում «Տիմոն և Պումբա» մուլտիկը։ Կամ «Թոմ և Ջերրին», հը՞։

Լավ, իսկ էլ ի՞նչ էինք սիրում նայել։ Հայաստանի մյուս վայրերում չգիտեմ, բայց Վանաձորում էն ժամանակ չգիտես խի մի հատ փախած լենինգրադյան ալիք էր բռնում։ Էդ ալիքով ցույց էին տալիս ավտոբոտների մուլտիկը, տառզանի սերիալը (20 քանի սերիա էր, բայց տենց մի քանի ամիսը մեկը նորից էին ֆռռցնում) ու պորֆեսիոնալ ռեսթլինգ։ Էդ վերջինը գիտե՞ք ինչա։ Հիացեք խնդրեմ.

Չմտածեք թե վերոհիշյալով էր լցված մեր ամբողջ մանկությունը. չէ մենք այդ ամենի հետ նաև խաղեր էինք խաղում. ֆուտբոլ, տապկնոցի, հալամոլա, փսիխ, կոճի, կռիվ-կռիվ, էշմլիցա ևն, թատրոն էինք անում բակում, բաղչագող էինք գնում, անտառ արշավներ էինք կազմակերպում, նիթենդո/դենդի էինք մաշում, իսկ ոմանք երբեմն նույնիսկ գիրք էին կարդում։

Մի խոսքով, ապրում էինք առողջ, նորմալ կյանքով, զբաղվում էինք ինչով որ խելքներս կփչեր ու ոչ ոք չէր էլ փորձում մեր համար ինչ-որ ստերիլ բարոյահոգեբանական վիճակ ապահովի։ Ու, մեր մեջ ասած, փորձելն էլ անիմաստ էր։

Էնպես որ, մարդիկ, թեթև տարեք։ Ոնց մեր սերնդի հետ ոչ մի սարսափելի բան չի պատահել, նենց էլ մեր երեխեքի սերնդի հետ չի պատահի։