Արմեն Աշոտյանը տենց էլ չիմացավ, թե իրա ղեկավարած ոլորտի իմաստը որնա։ Շախմատից հետո, որն իրականում բյուջեից շախմատի ֆեդերացիայի համար լրացուցիչ փող կթելու համար էր մտցվել (մասնագետներ պատրաստել/վերապատրաստել, շախմատի մասնագետներին աշխատանքով ապահովել, կրթական նյութեր ստեղծել ու տպել, PROFIT), հիմա էլ դպրոցում ազգային երգ ու պար են մտցնում։

Ասեմ, որ կար ժամանակ, երբ այդ գաղափարն ինձ ճիշտ էր թվում։ Տես օրինակ՝ այստեղ մեկնաբանություններում, բայց դե մարդս սխալական է։ Իրականում այն ամենն ինչ ասվել է շախմատի մասով, ճիշտ է նաև երգուպարի համար։

Ըստ էության, այս ազգային երգուպարի թեման լավագույն դեպքում պոպուլիստական քայլ է։ Դե, բա տեսեք, ազգայինի մասին ինչքա՜ն ենք հոգ տանում։ Դե հայերս էլ «ազգային» բառը լսում, միանգամից փխրում ենք։

Ու դա կրթական համակարգի շարունակական դեգրադացիայի ֆոնին։ Ուրեմն դպրոցն ավարտած, ԲՈՒՀ ընդունված ու այն նույնպես ավարտած մարդը հաճախ չի կարողանում գոնե կես էջ կապակցված տեքստ գրի, տեղյակ չի ֆիզիկայի կամ կենսաբանության տարրական բաներից, երբեմն նույնիսկ կոտորակների հետ թվաբանական գործողությունները չի կարողանում անել, բայց ԿԳՆ-ում առաջնահերթ խնդիրներից է ազգային երգուպարը։ Քննական մտածողություն, տրամաբանություն – սենց «բարդ» բաներից էլ վաաբշե ավելի լավ է չխոսեմ։

Դե ինչ, շարունակենք «ազգայնացնել» դպրոցը. առաջարկում եմ հետևյալ առարկաները. ազգային խոհանոց, ազգային գորգագործություն, ազգային խաղեր։ Ինչո՞վ են պակաս ազգային երգուպարից։

Ընդհանրապես, որպեսզի ապագայում ում խելքին ինչ փչի, դպրոցում չավելացնի, անհրաժեշտ է սահմանել որոշակի կատեգորիաներ ու չափանիշներ, ըստ որոնց էլ պիտի որոշվի, թե ինչը կարող է դպրոցում լինել պարտադիր, ինչը կարող է լինել կամընտրական, ինչը ետդասյա խմբակ, իսկ ինչը դպրոցում առհասարակ չի կարող լինել։ Ընդ որում, այս ամեն ինչը ըստ նրա, թե ինչ է պետք մեր պետությանը։ Ինքս իմ համար դեռ չունեմ հստակ այդպիսի կատեգորիաներ ու չափանիշներ, բայց որոշ բաներ ինձ հիմա էլ ակնհայտ են թվում.

1. Դպրոցը պիտի տա նախնական գիտելիքներ հիմնական գիտությունների մասով, որոնք բավարար կլինեն հետագայում մասնագիտություն ընտրելու և ստանալու համար։ Ընդ որում, հասկանալի է, որ ամեն գիտելիք չի, որ դպրոցում պիտի տրվի։ Ըստ այդմ՝ պետք են որոշակի չափանիշներ, թե ինչն է դպրոցում պետք, իսկ ինչը՝ ոչ։ Հիմնական գիտություններից. ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, լեզվաբանություն։

2. Դպրոցը պիտի տա կյանքում անհրաժեշտ հմտություններ։ Առաջին բուժօգնություն ցույց տալ, պաշտպանվել բնական աղետների ժամանակ, կարողանալ օգտվել զենքից, սահմանամերձ բնակավայրերում ու Արցախի մարզում ճանաչել չպայթած արկերը, պայթուցիչները, ականները ևն, ևն։

3. Դպրոցը պիտի նորմալ քաղաքացի դաստիարակի։ Այսինքն՝ քաղաքացիական գիտակցություն կոչվածի տարրերը դեռ դպրոցից պիտի սերմանվեն։ Ոնց, ինչպես, չգիտեմ, մտածելա պետք։

4. Դպրոցը պիտի սովորեցնի քննել, մտածել, տրամաբանել։

5. Դպրոցում չպիտի լինեն ոչ գիտական, կեղծ գիտական բովանդակությամբ առարկաներ, դասագրքեր։ Օրինակ՝ չպիտի լինի կրեացիոնիզմի քարոզ, կրոնական քարոզ (ինչպես ՀԱԵ 5-6-րդ դասարանների դասագրքերում է), չպիտի լինեն մերժված տեսություններ (ենթադրենք՝ եթերի տեսությունը), չպիտի լինեն միակողմանի ներկայացվող բաներ (օրինակ՝ հայ ժողովրդի էթնոգենեզի մասով)։

6. Դպրոցում չպիտի դասավանդվեն առարկաներ զուտ այն պատճառով, որ դրանք լավ բաներ են (շախմատն ու ազգային երգուպարը լավ բաներ են, բայց աշխարհում էնքա՜ն լավ բաներ կան, հո բոլորը դպրոց չե՞նք լցնելու)։ Փոխարենը դպրոցում կարող են խրախուսվել զանազան «լավ բաների» խմբակներ։

7. Դպրոցը պիտի նպաստի առողջ ապրելակերպի, առողջ սննդի, սպորտի մասայականացմանն ու դրանց մասին գիտելիքների ձեռք բերմանը։

8. Դպրոցը նրա համար չէ, որ ամեն մարդ այնտեղ գտնի իր երազանքների ու հոբիների բավարարման հնարավորություն։

Առայժմ այսքանը։ Ձևակերպումները ու մնացած ամեն ինչը, դեռևս շատ հում են ու քննադատությունները, առաջարկները ողջունելի են։