Որքանով որ ես եմ հասկանում, բուհական կրթության որակի հարցում մեր երկրում կա երկու հիմնական հանգամանք.
1. Բուհերը չունեն շահագրգռվածություն (առաջին հերթին ֆինանսական) բարձրացնելու կրթության որակը։ Սա նորություն չեմ ասում. օրինակ՝ մեր բուհերը ամեն ջանք գործադրում են, որ վատ ուսանողին չհեռացնեն, որովհետև նույնիսկ վատ ուսանողը վճարում է։

2. Մարդիկ էլ չունեն շահագրգռվածություն, որ էական ջանքեր թափեն՝ որակյալ կրթություն ստանալու համար։ Սա էլ նորություն չի – բուհ ընդունվելու պահին շատ քիչ թվով երիտասարդներ են մտորել, թե ինչ են ուզում աշխատել, արդյո՞ք այդպիսի աշխատանք կկարողանան գտնել ու այդ աշխատանքի համար ինչ մասնագիտություն արժի ընտրել։

Ու անկախ՝ մասնագիտությունն ընտրելու շարժառիթներից, ուսումնական պրոցեսի ժամանակ մարդիկ շատ քիչ են իրենց վրա աշխատում – քիչ են կարդում, քիչ են պարապում ու այդ քիչն էլ անում են առավելապես քննության նախաշեմին, որից հիմնավոր գիտելիքներ չեն մնում։

Ու ինչքան ուզում ես քարոզիր, թե դիպլոմն օժիտ չի, թե պետք է ամեն օր պարապել, ոչ թե քննության նախօրեին, մարդու (և ուսանողի, և նրա ծնողների) գլուխը չի մտնի։ Մարդն առհասարակ ու հայ մարդը հատկապես կոմֆորմիստ արարած է, իսկ իրերի առկա դրվածքը կոմֆորտ ապահովում է բոլորի համար։ Տեսեք՝ ուսանողն ինքը կայֆավատ է լինում, ցքցքում է։ Ուսանողի ծնողները, չնայած ֆինանսապես ճկռում են, բայց փոխարենը հարևանների «բերանը կարող են փակել». «էրեխես լրիվ իրա ուժերով ընդունվեց»-ով, իսկ, ինչպես ասում է ռազմավարական դաշնակիցը՝ понты дороже денег։

Դժվար չէ նկատել, որ արդյունքում ունենում ենք փակ շղթա։ Որովհետև՝ այն պատճառով, որ ուսանողի համար կրթության որակը վճռորոշ չի, բուհն էլ կարող է իրեն թույլ տալ դրա վրա ուշադրություն չդարձնել – ուսանողը դրա պատճառով իր մոտից այլ բուհ չի գնա։

Ու հետևաբար, եթե մենք ուզում ենք դուրս գալ այս շղթայից, պիտի առաջին հերթին մտածենք այն մասին, թե ինչպես և բուհին, և ուսանողին ստիպենք, որ կենտրոնանան կրթության որակի վրա ու անընդհատ աշխատեն այդ ուղղությամբ։

Այն մտքերը, որ այդ ուղղությամբ ունեմ, դեռ լավ չեմ կարողանում ձևակերպել ու դրանք թերի են, բայց դրանք կառուցվում են երկու հիմնական գաղափարի վրա.
1. Բուհը պիտի եկամուտ ստանա ոչ միայն ու ոչ այնքան ուսանողից, որքան՝ աշխատանքի անցած իր շրջանավարտից։
2. Ուսանողի «տարեկան/կիսամյակային» գնահատականը պիտի ձևավորվի ոչ այնքան քննությունների, որքան՝ իր ամենօրյա աշխատանքի արդյունքում։

Առաջին կետը կստիպի, որ բուհն այսուհետ մտածի որակյալ ու աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելու մասին, որովհետև դա կապահովի նրա համար եկամուտ։ Պայմանական ասած՝ այն ուսանողը, ով 4-6 տարի ուսման վարձ է վճարել, իսկ հետո էլ գնացել է ընդունվել է աշխատանքի ու ևս մի 10-15 տարի իր բուհին պարտադիր որոշակի տոկոս է վճարել աշխատավարձից, կլինի ավելի նախընտրելի, քան այն ուսանողը, ով մի կերպ այդ 4-6 տարին գլորել է՝ վճարելով ուսման վարձը ու ավարտելուց հետո գնացել է տունը նստել ծնողների վզին։

Սրա իրականացման դետալների վրա հիմա չկենտրոնանամ, բայց դա օրինակ կարող է արվել հատուկ կրթական վարկերի միջոցով կամ նմանատիպ որևէ այլ մեխանիզմով։ Սա էլ ասում եմ զուտ որպես օրինակ այն բանի, որ ցանկության դեպքում նման մեխանիզմ կարելի է մտածել։

Բացի այդ, բուհը նաև շահագրգռված կլինի, որ իր ուսանողների ընտրությունը համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին, քանի որ այդ դեպքում իր եկամուտներն աճելու են։ Ու ջանքեր կգործադրի, որ հենց պահանջված մասնագիտությունները դառնան մոդայիկ։

Երկրորդ կետը պիտի ստիպի ուսանողին ամենօրյա աշխատանք կատարել։ Յուրաքանչյուր առարկայի համար կարող են լինել նախապես սահմանված որոշակի քանակով միավորներ, որոնք ուսանողը կարող է վաստակել ուսումնական օրվա (կամ միգուցե ավելի նպատակահարմար է ուսումնական շաբաթվա) ընթացքում կատարված աշխատանքի համար։ Որոշակի քանակով միավորներ կտրվեն նաև առանձին, երկարատև աշխատանքների համար (ռեֆերատ, կուրսային, էքսպերիմենտներ, գիտական հոդվածներ ևն, ևն)։ Տարվա/կիսամյակի վերջում այդ միավորների ընդհանուր տարեկան/կիսամյակային գումարն էլ կլինի ուսանողի գնահատականը (իրականում լավ կլինի որոշակի ճշգրտումներ մտցնել, ասենք՝ հաշվի առնել, թե որքան հավասարաչափ է ուսանողը վաստակել իր միավորները, ավելացնել միջին միավորներ հարգելի բացակայությունների համար ևն, բայց դետալների մեջ հիմա չխորանանք)։

Արդյունքում՝ ուսանողի գնահատականը այլևս կախված չի լինի ոչ քննության օրը դասախոսի տրամադրությունից, ոչ բախտից, ոչ էլ նախորդ գիշերները նրա խմած սուրճի քանակից, այլ կախված կլինի առավելապես ամբողջ տարվա/կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքից։ Որովհետև չի լինի մի որևէ կոնկրետ իրադարձություն, որը կերաշխավորի վերջնական բարձր արդյունք։

Բացի այդ, էն, որ բուհն ավարտելուց հետո ինքը դեռ բուհին պարտքեր պիտի տամ լրացուցիչ խթան է ուսանողի համար, որ անգյալություն չանի։ Իսկ այն ուսանողները, ովքեր կլինեն վատագույն N-յակում կամ կվաստակեն նվազագույն X-ից ցածր միավոր, հրաժեշտ կտան բուհին։ Ուսման ընթացքում պիտի լինեն նաև բարձր միավոր հավաքելու համար խրախուսանքներ, օրինակ՝ ինչ-որ Y և ավելի միավոր հավաքած ուսանողները կարող են օգտվել տարատեսակ ծրագրերից, այդ թվում՝ արտերկրում ուսումը շարունակելու, կոնֆերանսների մեկնելու ևն, ևն։ Այդ խրախուսական ծրագրերի դետալներն էլ կարելի է քննարկել ու լիքը բան մտածել։

Մի քանի բան էլ պետպատվերի մասին։ Պետպատվերի հարցում պիտի հասկանալ, որ պետությունը բարեգործական ճաշարան չի։ Եթե նա ինչ-որ մի մարդու համար ծախս է տեսնում, էդ մարդուն մասնագիտություն է տալիս, ապա դա որոշակի նպատակ պիտի ունենա, ոչ թե պայմանավորված լինի միայն այն հանգամանքով, որ այդ մարդը լավ է սովորում։ Է սովորում է, իր համար է սովորում, պետությունն ըտեղ ի՞նչ գործ ունի։

Մի խոսքով, պետպատվեր պիտի լինի որոշակի պայմաններում միայն.
1. Ֆունդամենտալ գիտություններում աշխատել պատրաստվողների համար։
2. Այն մասնագիտությունների գծով, որոնց մասով պետական ապարատում կա չբավարարված պահանջարկ։
3. Այն մասնագիտությունների գծով, որոնք նորություն են, նոր ձևավորվող ու հեռանկարային ոլորտ են ու պետությունը որոշակի ջանք է ցանկանում գործադրել՝ այդ ուղղությունն աշխուժացնելու համար (այս մի կետը կարող է լինել միայն որպես կարճաժամկետ ծրագիր)։

Ըստ այդմ՝ պետպատվեր ստանալու համար դիմողը պարտավորվելու է ավարտելուց հետո որոշ ժամանակ կամ զբաղվել գիտական հետազոտություններով, կամ աշխատանքի անցնել պետական ապարատում։ Այդ պարտավորություններից հրաժարվելու դեպքում մարդը պարտավոր կլինի պետությանը տոկոսներով հետ վերադարձնել իր ուսման վրա ծախսված փողերը, որից հետո ինչ ուզում է, թող անի։ Ինքնստինքյան հասկանալի է, որ եթե պետպատվերով սովորող ուսանողը որոշակի միավորներից ցածր է հավաքում տարվա/կիսամյակի ընթացքում, ապա նա զրկվելու է պետպատվերից։

Այսպիսով՝ պետպատվերը լինում է ոչ թե վերևից իջեցված տեղերով, այլ՝ դիմորդի կամ ուսանողի հայտի համաձայն։ Մարդը բուհ ընդունվելուց առաջ կամ նույնիսկ սովորելու ընթացքում դիմում է գրում, թե «պետություն ջան, ուզում եմ ֆունդամենտալ գիտությամբ զբաղվեմ, ուսման վարձս կտա՞ս»։ Պետպատվերի հայտերը կարող են քննվել ընդունելության քննությունների արդյունքների կամ ուսանողների դեպքում՝ հավաքած միավորների հիման վրա։

Հատուկ նշեմ, որ էս ամեն ինչը, այո, ենթադրում է, որ բուհական կրթությունը զգալի ֆինանսական ներդրում է պահանջելու մարդուց։ Ավելի շատ ու ավելի երկարատև, քան այսօր։ Բայց դե լավ ապրանքը պիտի թանկ արժենա։ Հիմա կասեք – բա սոցիալապես անապահովները, բա զինծառայողները ևն, ևն։ Այդ ու մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար կարող են առանձին խրախուսող ծրագրեր լինել։ Դա լրիվ առանձին թեմա է։

Հ.Գ.
Իհարկե, նշվածս երկու խնդրից բացի կան նաև այլ խնդիրներ, օրինակ՝ հնացած տեխնիկա ու մասնագիտական գրականություն ևն, ևն, բայց դրանք ավելի տեխնիկական բնույթի հարցեր են, իսկ նշածս երկու խնդիրը համակարգային ու մշակութային բնույթ ունեն, դրա համար էլ դրանց վրա եմ կենտրոնացել։