Տպավորություններս Ցվետանա Պասկալևայի հետ երեկվա հանդիպումից շատ են ու բավականին խառը: Նախ ֆիլմերը, չնայած նախկինում մի քանի անգամ նայել էի, բայց ամենատարբեր զգացմունքների մի բուկետ առաջացրին: Ինչ ասես չկար այդ բուկետում, և խեղդված արցունքներ, և զայրույթի ու ատելության բռնկումներ, և հպարտություն ու էլի շատ ուրիշ զգացողություններ, որոնք նույնիսկ անունները չեն ունեցել: Չգիտեմ, ինքս էլ չէի սպասում, որ այդքան զգացմունքայինկարող եմ լինել: Ֆիլմերը դիտելիս մի պահ հիշեցի մոտալուտ եղբայրության, անցյալը մոռանալու, թշնամու կերպարը ջնջելու և դրա նման շատ այլ բաների մասին մեզ ամեն օր արվող հավաստիացումներն ու քարոզները: Միշտ էլ հասկացել եմ, որ այդ ամենը ցինիկության ու լկտիության գագաթնակետն է, բայց երբ այդ մասին հիշում ես 2-3 տարեկան երեխայի վերակենդանացման անհաջող փորձերի կադրերը նայելիս … չգիտեմ, այդ լկտիության անսահման լինելը հասկանում ես բոլոր զգայարաններովդ:

Ես այստեղ ինչ-որ վերացական բաներ եմ գրում ու հենց այդ պահին բակում մի հատ տեղը տեղին մուղամ է միանում. էն ամենաթուրքական մուղամներից: Ոնց ասում են no comments: Հիմա չգիտեմ, ես եմ ծիծաղելի վիճակում, թե բակի այդ դարդոտածը:

Լավ, հիմա տղա է, երևի սիրած աղջիկն ուրիշի հետ է ամուսնացել, ինքն էլ որոշել է, որ մենակ չի կարող տանջվել: Մի խոսքով, ըմբռնումով մոտենամ ու վերադառնամ Ցվետանային: Պատերազմի ժամանակ ես փոքր էի, բայց Ցվետանային հեռուստացույցի էկրանից շատ լավ եմ հիշում ու հիշողությանս մեջ այդ կնոջ հետ կապված բազմաթիվ դրական ասոցիացիաներ են մնացել, որոնք էլ հանդիպման ժամանակ իրենց հիշեցնել տվեցին: Ընդհանրապես բավականին հետաքրքիր է տարիներ հետո իրականում հանդիպել մի մարդու, ով քո երեխա ժամանակ հեռուստաէկրանից կամ գրքի էջից մեջդ ինչ-որ բան է թողել:

Մի խոսքով, այսպիսի խառը բաներ մնացին այդ հանդիպումից:

Հ.Գ.

Ու մի բան էլ: Չպետք է մոռանալ, որ այդ կինը մեզ ոչինչ պարտք չի ու ոչ մի բանով պարտավորված չի մեր առջև: Չպետք է ակնկալել, որ նա պիտի գնա դոշ տա ազատագրված տարածքների համար, թե. ” “ոչ մի թիզ հող”, իսկ չգնալու դեպքում կշտամբել, թե ինչու այդպես չի անում: Պետք չի ակնկալել նրանից ինչ-որ խորը վերլուծություն ազատագրված այս կամ այն տարածքի նշանակության մասին, պետք չի ակնկալել, որ նա գիտի, թե ինչ կլինի դրանց հանձնման դեպքում, կամ էլ թե որքան է հավանական պատերազմը տարածք հանձնելուց հետո: Նա նույնիսկ պարտավոր չէ այդ ամենը լավ հասկանալ: