Մի պատմություն եմ ուզում անպայման պատմել:

Կար չկար Կիրովական քաղաքում մի տեխնիկում, որը կոչվում էր Կիրովականի շինարարական տեխնիկում, որտեղ պատրաստվում էին շինարարական ոլորտի մասնագետներ: ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերանվանվեց Վանաձորի պետական շինարարական քոլեջ: Ճիշտ է, շինարարական բառն արդեն այնքան էլ չէր բնութագրում այդ քոլեջում տրվող մասնագիտությունները, բայց դա արդեն առանձին թեմա է:

Քոլեջը բնականաբար ուներ տնօրեն: Անկախացումից հետո, քոլեջի տնօրենն էլ իրեն զգաց անկախացած, բայց, քանի որ բախտը չէր բերել ու ուներ բարեխիղճ գլխավոր հաշվապահ (ով, ի դեպ, իմ տատիկն էր), ստիպված էր առժամանակ բավարարվել ընդունելության քննություններով: Քոլեջ ընդունված գրեթե բոլոր ուսանողները տնօրենին վճարում էին: Պետպատվերով տեղը մի քիչ թանկ, վճարովի տեղը` մի քիչ էժան: Վճարում էին նաև քոլեջը բարեհաջող ավարտելու, դիպլոմը ստանալու և զանազան այլ առիթներով: Այս ամենը ոչ մեկի համար գաղտնիք չէր, այդ թվում իրավապահների, ովքեր ևս ժամանակ առ ժամանակ “վեն էին” մտնում, ինչ-որ բաներ քչփորում և իրենց փայը ստանալով ամեն ինչ “մոռանում”: Իսկ ի՜նչ փողեր էր աշխատում տնօրենը, երբ քոլեջներում ևս տրամադրվում էր բանակից տարկետման իրավունք, բայց դա հետո վերացավ:

Բայց գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են. մեր երկրաշարժ ու պատերազմ տեսած ժողովրդին հիմա էլ Սերգո Երիցյան էր պատահելու: Գնդլիկ Բոքոնիկի այդ հեռավոր ազգականի Կարծիքով, Հայաստանի ուսումնական հաստատությունները չափից դուրս շատ էին ու սխալ էին բաշխված: Կարճ ասած` օպտիմալ չէին: Ու Սերգոն սկսեց դրանք օպտիմալացնել: Օպտիմալացման պրոցեսի ամենաթեժ պահին, հանկարծ բացահայտվեց, որ քոլեջ դարձաձ շինարարական տեխնիկումի հարևանությամբ ժամանակին ոչ օպտիմալ, ես կասեի հանցագործ կերպով կառուցված է եղել մեկ այլ մեր օրերում քոլեջ դարձաձ տեխնիկում ” գյուղատնտեսական: Եվ չնայած այդ քոլեջներից ոչ մեկը կրթության նախարարության ենթակայության տակ չէր, բայց հո դա չի՞ նշանակում, որ այդպես էլ անօպտիմալ պիտի մնան: Միացու՛մ ” տնօրինությունն ու շենքը շինարարականից, որովհետև շինարարականի տնօրենն ավելի շուստրի գտնվեց, անվանումը` գյուղատնտեսականից, որովհետև դե մի ձև պիտի կոչվեր ստացվող հիբրիդը, թե ոչ, իսկ աշխատակազմը` դե ում բախտն ու շուստրիությունը ոնց բերեց: Այդպիսով ստացվեց գյուղատնտեսական քոլեջ անվանված գյուղատնտեսա-շինարարական մի հիբրիդ (երևի գյուղատնտես-շինարարներ էին պատրաստելու): Հա, քանի որ տատիկս արդեն կյանքի 4-րդ քառորդն էր սկսել գլորել, ապա օպտիմալացվեց հենց ամենասկզբից /մեր մեջ ասած, դրա դեմ ոչինչ ես չունեմ, ինչքան աշխատել էր, էտ էլ հերիք էր/:

Ու հենց այդ ժամանակ էր, որ հիբրիդի ղեկը ստանձնած շինարարականի տնօրենի առաջ բացվեցին նոր հնարավորություններ ու հեռանկարներ. երկրաշարժից հետո ստացված տնակներ, այդ թվում ակներով, հաստոցներ, ավտոբուս, տրակտոր, տարբեր մեքենաների պահեստամասեր, սառնարաններ ու վառարաններ (հանրակացարանի խոհանոցից) և այլն, և այլն: Չէ՞ որ այդ ամենը կարելի է վաճառել ու լափել: Մի խոսքով, մարդը մի կուշտ լափեց, իսկ նրա հետ միասին կշտացան նաև ոստիկանությունում ու դատախազությունում: Բայց դա դեռ բոլորը չէ, ամենատարբեր խաբեություններով, ստորություններով ու անօրինականություններով այդ սրիկան աշխատանքից հեռացրեց շատերին` նրանց փոխարեն նշանակելով իր ծանոթ-բարեկամներին, ստեղծվեցին լրիվ անիմաստ հաստիքներ որոնցով աշխատանքի ընդունված մարդկանց կոլեկտիում մի օր էլ չեն տեսել: Նույնիսկ դեպք է եղել, երբ քոլեջում աշխատել և աշխատավարձ է ստացել Ռուսաստանում մշտապես բնակվող մարդ: Ի դեպ, այն մարդիք, ովքեր իսկապես գալիս էին քոլեջ և բարեխիղճ աշխատում էին, ստանում էին ուղիղ մինիմալ աշխատավարձին հավասար գումար, իսկ ասենք ձմռանը, տաքացվում էր միայն տնօրենի աշխատասենյակը /սա էլ գիտեմ մորիցս, ով նույն քոլեջում մինչև վերջերս ֆիզիկա էր դասավանդում/:

Մի խոսքով քոլեջի տնօրենի բարոյահոգեբանական և գեղարվեստական կերպարը ձեզ բոլորիդ երևի արդեն պարզ է ու շատ ծանոթ. շուրջը այդպիսիները լիքն են: Երևի չեք զարմանա, եթե ասեմ, որ կոլեկտիվում տնօրենին բոլորն անկեղծորեն ու ամբողջ հոգով ատում էին և յուրաքանչյուրը դրա համար իր պատճառներն ուներ: Չկար մեկը, ում մի անձնական վատություն արած չլիներ: Բոլորը, առանց բացառության, երանի էին տալիս այն օրվան, թե երբ են այդ տնօրենին աշխատանքից հեռացնելու: Հիմա ամենակարևորը. այդ օրը եկավ, վերջերս այդ տնօրենին հեռացրել են, կամ ավելի ճիշտ` թոշակի են ուղարկել: Դա էլ որոշել է ստորագրահավաք սկսել իրեն վերականգնելու համար և ամենաապշեցուցիչն այն է, որ բազմաթիվ աշխատողներ, եթե ոչ բոլորը, միացել են այդ ստորագրահավաքին: “Դե ինքը կարողա դեռ փող տա, վերականգնվի, դրա համար հետը լավ լինեմ” ” մոտավորապես սա է մարդկանց մոտիվացիան:

Նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչպես մեկնաբանեմ այս երևույթը: