Մայիսի 15-ը հայ ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից մեկի` Քեռու (Արշակ Գավաֆյան), զոհվելու տարելիցն էր: Ցավոք սրտի համացանցում շատ կցկտուր տեղեկություններ կան այս մարդու մասին, բայց ինչ-որ բաներ այնուամենայնիվ գտա: Մասնավորապես ֆեյսբուկում ինչ-որ մեկը տեղադրել է հակիրճ կենսագրությունը.

” Քեռի (Արշակ Գաւաֆեան) (1858, Կարին-1916, Ռեւանդուզ, թաղւած Թբիլիսիում), ազգային-ազատագրական շարժման գործիչ:
” ՀՅԴ կուսակցութեան անդամ: Աւարտել է Կարինի «Արծնեան» դպրոցը: Եղել է «Պաշտպան հայրենեաց» կազմակերպութեան անդամ:
” 1889-ին գործակցել է Յունոյի հետ (Յարութիւն Տէր-Մարտիրոսեան): 1890-ին մասնակցել է Ս. Կուկունեանի արշաւանքին:
” 1895-ին Կարինի ջարդերի ժամանակ ղեկավարել է առաջնորդարանը պաշտպանող զինւած խումբը:
” 1903-ին Թորգոմի «Մրրիկ» հեծեալախմբի հետ մտել է Սասուն: Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբութեանը, աչքի ընկել քաջութեամբ:
” 1905-ին Վասպուրականից անցել է Կովկաս: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել է (Անգեղակոթում) Զանգեզուրի ինքնապաշտպանութեան կազմակերպիչներից:
” 1908-ին 50 հոգուց բաղկացած հեծելախմբով մեկնել է Թաւրիզ, մասնակցել Իրանի Սահմանադրական յեղափոխութեանը:
” Ռուսական զօրքերի Իրան մտնելուց յետոյ՝ անցել է Սալմաստ, ապա միացել Եփրեմ խանին՝ դառնալով նրա օգնականը:
” Վրէժխնդիր է եղել Եփրեմին սպանողներից:
” Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայկական 4-րդ կամաւորական գնդի հրամանատարն էր, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915):
” 1916-ի մայիսի 15-ին Մուսուլի ճանապարհին, Ռեւանդուզի մօտ, ընկել է թրքական շրջապատման մէջ: Հմտօրէն ղեկավարելով գործողութիւնները՝ կարողացել է դուրս գալ շրջապատումից, սակայն ինքը զոհւել է:
” Քեռին յայտնի էր որպէս հմուտ հրամանատար, պահանջկոտ եւ հոգատար հայդուկապետ:

http://www.facebook.com/topic.php?uid=202791007234&topic=14741

Նաև գտա “Համեստութեան տիպար «Քաչաց քաչը ֆէտա`» Քեռի (Արշակ Գավաֆեան)” հոդվածը, որտեղ որոշ հետաքրքական մանրամասներ կան: Մասնավորապես հոդվածից կարող եք իմանալ, թե ինչն էր Քեռուն հասցրել Ռվանտուզ, որտեղ է ստացել Քեռի պատվանունը և այլն:

Ի դեպ, Քեռին թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում: Որքանով տեղյակ եմ, այդ գերեզմանի տարածքում վրացիները եկեղեցի են կառուցել, այնպես որ հավանական է, որ Քեռու շիրիմը ուղղակի ոչնչացվել է տասնյակ ու հարյուրավոր այլ շիրիմների հետ: Եթե թիֆլիսաբնակներից որևէ մեկը լրացուցիչ տեղեկություններ տա այս մասին, շնորհակալ կլինեմ: