Հին հայկական օրացույցում նահանջ տարվա գաղափար չի եղել, իսկ օրերի քանակը եղել է ճիշտ 365։ Այսպիսով այդ օրացույցը յուրաքանչյուր նահանջ տարի հետ էր մնում մեկ օրով։

Հայտնի է, որ 428 թվին Նավասարդը եղել է օգոստոսի 11-ին, ինչից ելնելով էլ Ալիշանը հաշվել մ.թ.ա. 2492-ը (հավանաբար՝ սխալ, տես հետգրություններում)։ 428-ին հաջորդած նահանջ տարին եղել է 432-ին, և 432 թվական նավասարդի 1-ը եղել է արդեն օգոստոսի 10-ին։ Ու այդպես շարունակ։

Մնացացը cut-ի տակ։

428 թվականից անցել է 1584 տարի։ Քանի՞ նահանջ տարի է եղել այս ընթացքում։ 1584/4=396։ Իրականում ոչ բոլոր 4-ին պատիկ տարիներն են նահանջ։ Այդպիսի ոչ նահանջ տարիներն են 500, 600, 700, 900, 1000, 1100, 1300, 1400, 1500, 1700, 1800, 1900 ” 12 տարի։

Այսպիսով, 428 թվականից ի վեր եղել է 384 նահանջ տարի (այսինքն՝ հայկական օրացույցը հետ է մնացել գրիգորյանից 384 օրով)։ Դա նշանակում է, որ այս ընթացքում հայկական շարժական նոր տարին նախ հասցրել է շրջել տարվա օրերով (365 նահանջ տարիների շնորհիվ) ու ետ վերադառնալ օգոստոսի 11-ին (դա տեղի է ունեցել 1936-ին), որից հետո նորից սկսել է պտտվել տարվա օրերով (1936-ից ի վեր 19 նահանջ տարի)։

Ըստ այդմ, այս տարի Նավասարդի 1-ը համընկել է ոչ թե օգոստոսի 11-ին, այլ՝ հուլիսի 23-ին։ Նավասարդի 1-ը հուլիսի 23-ին կլինի նաև 2013, 2014 և 2015 թվականներին, իսկ 2016-ին կտեղափոխվի հուլիսի 22։

Հ.Գ.
Ի դեպ, հասկանալի է նաև, որ հիմա հայոց թվարկությամբ ամենևին էլ 4504 (2492+2012) թվականը չի։ Հայոց տոմարը յուրաքանչյուր 365 նահանջ տարվա ցիկլից հետո հետ է մնում ներկա օրացույցից 1 տարով։ Այսինքն՝ եթե 428-ից 1936 թվականը գրիգորյան օրացույցով անցել է 1508 տարի, ապա հայկականով անցել է 1507։

Հ.Հ.Գ.
Նույն նահանջ տարիների սխալ հաշվարկի պատճառով Ալիշանի հաշված մ.թ.ա. 2492-ն էլ է հավանաբար սխալ, բայց դե ո՞վ էդքան առողջություն ունի նստի հաշվի։ Համ էլ ես չգիտեմ, թե մ.թ.ա.-ի համար նահանջ տարիների հաշվարկը ոնց է ընդունված անել գրիգորյան օրացույցում։