Ինչքան էլ, թեկուզ և անկասկած է, որ իմ հայրենիքը, եթե ես իրոք այդպիսի մեկն ունենայի, աշխարհիս բոլոր մնացած երկրներին գերազանցելիս կլիներ վայելուչ հարմարավետությունների և փառահեղ հասարակական կազմակերպվածքի առումով, բայց և այնպես, վերջերս, մի կրկին անգամ շրջագայելու բուռն տենչ ունեցա և ուղևորություն ձեռնարկեցի դեպի մասսագետների հեռավոր երկիրը, ուր վառոդի գյուտից հետո այլևս երբեք չէի եղել: Իմ մեջ անդիմադրելի ցանկություն առաջացավ տեսնել, թե ինչքանո՞վ էր այդ այդքան հռչակավոր ու քաջարի ժողովուրդը, որի ռազմիկները երբեմնի ժամանակներում հաղթել էին մեծն Կյուրոսին, այս ընթացքում փոփոխություններ կրել և հարմարվել նորօրյա բարքերին:

Իրոք որ, ինչպես և սպասում էի` խիզախ մասսագետների արժանիքները բնավ էլ գերագնահատված չէին իմ կողմից: Բոլոր այն երկրների նման, որոնք առաջադեմների թվին դասվելու փառամոլությունն ունեին, մասսագետների երկիրը նույնպես այս վերջին ժամանակներս իր սահմաններին մոտեցող յուրաքանչյուր օտարերկրացու դիմավորելու համար մի-մի մամլո գործակալ էր ուղարկում, բնականաբար, բացառությամբ այն դեպքերի, երբ եկվորները նշանավոր, հարգամեծար և երևելի օտարականներ էին լինում, քանի որ նրանց, ինքնին հասկանալի է, պետք էր իրենց աստիճանին համապատասխան առանձնակի բարձր պատվի արժանացնել: Եթե հյուրը բռնցքամարտիկ է կամ ֆուտբոլիստ, ապա պատշաճ է, որ նա ընդունելություն գտնի առողջապահության նախարարի կողմից, եթե լողորդ` մշակույթի նախարարի, իսկ եթե համաշխարհային ռեկորդակիր է, ապա պետության նախագահի կամ առնվազն նրա տեղակալի մակարդակով հա՛րկ է ընդունելությունը կազմակերպվեր: Իսկ ինչ մնում է ինձ, ես ամենևին էլ չէի սպասում, որ իմ անձը նման ուշադրության կարժանանար, քանի որ ես ընդամենը մի հասարակ գրական աշխատող էի, ուստի և սահմանագլխին մի սովորական լրագրող ինձ հանդիպեց, գեղեցիկ կազմվածքով մի շատ հաճելի երիտասարդ և ինձ դիմեց խնդրանքով` մինչև երկրի հետ ծանոթություն հաստատելը համառոտակի ներկայացնեմ իմ պատկերացումները և հատկապես իմ գնահատանքի խոսքն ասեմ մասսագետների վերաբերյալ: Պարզվում է, որ այդ գեղեցիկ սովորույթը վերջին ժամանակներս նաև այս կողմերն էլ էր ներթափանցել:

” Պարոն,- ասացի ես,- թույլ տվեք ինձ, քանի որ ես շատ անկատար եմ տիրապետում Ձեր հրաշալի լեզվին, սահմանափակվել սոսկ ամենակարևորով: Իմ պատկերացումները Ձեր երկրի մասին, ուր ես առաջներում մեկ անգամ արդեն բախտ եմ ունեցել շրջագայել, ինքնին հասկանալի է` հենց այդքանով էլ սահմանափակվում են: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հռչակավոր երկրի և ժողովրդի մասին իմ ունեցած գիտելիքներին, ապա հարկ է ասել, որ դրանք սերում են, պետք է կարծել աշխարհիս լավագույն և ամենայն հարգանքի արժանի մի սկզբնաղբյուրից, այն է` մեծն Հերոդոտոսի «Կլիո» գրքից: Ամենախորը ակնածանքով լցված Ձեր ամենազոր այրերի խիզախության և Ձեր հերոսական թագուհի Տոմիրիսի փառապանծ հիշատակի նկատմամբ` ես արդեն առաջներում էլ պատիվ եմ ունեցել այցելելու Ձեր երկիրը, և այժմ միայն ինձ համար այդ այցելությունը թարմացնելու հնարավորություն ընձեռնվեց:

” Անչափ զգացված ենք,- ասես մի տեսակ մռայլված խոսեց մասսագետցին: ” Ձեր անունը անծանոթ չէ մեզ: Մեր պրոպագանդայի նախարարությունը մեծագույն հոգածությամբ հետամուտ է լինում արտասահմանում մեր մասին եղած բոլոր կարծիքներին և, այսպիսով, մեր աչքից չի վրիպել նաև այն, որ Դուք հեղինակն եք մասսագետական սովորույթների և բարքերի վերաբերյալ մոտ երեսունի չափ տողերի, որը Դուք հրապարակել եք մի լրագրում: Ինձ համար մեծ պատիվ է Ձեր այս ճամփորդության ընթացքում ուղեկցել Ձեզ մեր երկրում և հոգ տանել, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք նկատել, թե այն ժամանակվա համեմատությամբ մեր որոշ սովորությունները ինչքան շատ են փոփոխություններ կրել:

Նրա փոքր-ինչ մանվածապատ խոսելաոճից հասկացա, որ մասսագետների մասին իմ վաղուցվա հայտնած տեսակետները, որոնք ինձ համար, ինչ խոսք, այնքա՜ն սիրելի էին, և ես անգամ հրապուրված էի նրանցով, այստեղ, բուն երկրում բնավ էլ մի առանձնակի հավանության չեն արժանացել: Մի պահ միայն մտածեցի ետ դառնալու մասին, երբ մտաբերեցի այն Տոմիրիս թագուհուն, որ մեծ Կյուրոսի գլուխը մտցրել էր արյունով լեցուն կաշեփողրակի մեջ, և այս առույգ ժողովրդի ոգու մյուս ազնվացեղ դրսևորումների մասին:

Բայց և այնպես, ի վերջո ձեռքիս էին իմ անձնագիրն ու վկայականը, և Տոմիրիսի ժամանակներն էլ անցել էին:

” Ներող կլինեք,- ասաց իմ ուղեկցորդը` այժմ արդեն փոքր-ինչ բարեկամաբար,- եթե ես այս պահիս համառություն հանդես բերեմ քննության առնելու Ձեր դավանանքն ու պատկերացումները: Ոչ նրա համար, որպեսզի ինչ-ինչ անկարևոր բաներով զբաղեցնեմ Ձեր միտքը, թեև գիտեմ, որ նախկինում Դուք արդեն մեկ անգամ այցելել եք մեր երկիրը: Ամենևին, միայն ու միայն պաշտոնական ձևականություններից ելնելով, ինչպես նաև այն բանից դրդված, որ Դուք փոքր-ինչ միակողմանի եք վկայակոչում Հերոդոտոսին: Ինչպես գիտեք` այդ իրոք որ մեծատաղանդ հոնիացին ներկայումս ոչ մի պաշտոնական պրոպագանդայի կամ մշակութային ծառայության դեռևս չի փոխարինում, այնպես որ մեր երկրի վերաբերյալ նրա ինչ-որ տեղ ցաքուցրիվ և անզգույշ արտահայտությունները լիովին կարող են իրեն վերադարձվել: Այն, որ մի ժամանակակից հեղինակ Հերոդոտոսին է վկայակոչում, անընդհատ և բացառապես միմիայն նրան հղվելով, կներեք, բայց մենք դրա հետ չենք կարող համաձայնվել: Այնպես որ, խնդրում եմ, պարոն գործընկեր, համառոտակի ասացեք ինձ, թե ի՞նչ եք Դուք անձամբ մտածում մասսագետների մասին և ինչպիսի՞ զգացումներ եք տածում նրանց նկատմամբ:

Ես հառաչեցի: Դե, ահա, երևում է այս երիտասարդը ինձ հանգիստ թողնելու մտադրություն չունի, նա համառում է պաշտոնական հավակնությունների վրա: Ուրեմն` առաջ, դեպի ձևականությունները… Ու ես սկսեցի.

” Բնականաբար, ես մանրամասնորեն իրազեկ եմ, որ մասսագետացիք ոչ միայն աշխարհիս հնագույն, ամենաբարեպաշտ և միաժամանակ ամենախիզախ ժողովուրդն են, իսկ նրանց անպարտելի տղամարդիկ ամենաբազմաքանակը, ոչ միայն տիրապետում են աշխարհի ամենագերհզոր նավատորմին, բնավորությամբ ամենից աննկունն են և անընկճելի, միաժամանակ և անչափ սիրալիր, նրանց կանայք ամենագեղեցիկն են, դպրոցներն ու հասարակական մյուս կառուցվածքները ամենաօրինակելին են երկրիս երեսին, այլև որ նրանք աշխարհիս մասշտաբով այնքան բարձր գնահատված և նույնիսկ շատուշատ մեծաքանակ ժողովուրդներին հաճախ պակասող այնպիսի առաքինություններով են օժտված, այն էլ ամենաբարձր մակարդակի, ինչպես, օրինակ, այն, որ օտարների հանդեպ իրենց սեփական գերազանցության զգացումի մեջ բարեհաճ են ու ներողամիտ, ամեն մի պատահական, խեղճուկրակ օտարերկրացուց չեն պահանջի, որ նա, ինչ-որ աննշան երկրից սերած լինելով, մասսագետական առաքինության մակարդակի վրա գտնվի: Ես չեմ կարող ինձ պարտավորված չզգալ ի սեր ճշմարտության իմ հայրենիքում հաշվետու լինել նաև այս մասին:

” Շատ լավ,- բարեհաճությամբ ասաց իմ ուղեկցորդը,- Դուք, իրոք որ մեր արժանիքների թվարկման ժամանակ հենց մեխին, կամ ավելի շուտ ուղիղ մեխի գլխին խփեցիք: Ես տեսնում եմ, որ Դուք մեր մասին շատ ավելի մանրամասնորեն և լավ եք տեղեկացված, քան թվում էր առաջին հայացքից և ես անկեղծորեն, մասսագետացու ազնիվ սրտից բխող բարի գալուստ եմ մաղթում Ձեզ մեր գեղեցիկ երկիրը: Բայց և այնպես մեր երկրի մասին Ձեր պատկերացումները դեռևս կարիք ունեն մի շարք էական լրացումների: Մասնավորապես, իմ աչքին զարնեց այն, որ Դուք բոլորովին չանդրադարձաք երկու կարևորագույն բնագավառներում մեր ունեցած բարձր նվաճումներին. խոսքը վերաբերում է սպորտին և քրիստոնեությանը: Օրինակ, մեր մի հայրենակիցը, պարոն, կապված աչքերով ետընթաց ցատկի միջազգային մրցումներում համաշխարհային ռեկորդը 11,098-ի է հասցրել:

” Իրոք որ,- քաղաքավարությունից դրդված կեղծեցի ես,- ինչպե՞ս ես կարող էի այդ մասին չիմանալ: Սակայն Դուք կարծես քրիստոնեությունը ևս հիշատակեցիք որպես մի բնագավառ, ուր ձեր ժողովուրդը պետք է որ ռեկորդներ սահմանած լինի: Եթե կարելի է, խնդրում եմ, մի քանի խոսք էլ այդ մասին էլ ասացեք:

” Դե, իհարկե,- վրա բերեց երիտասարդը,- ես կուզեի միայն նշել, որ մեզ համար անչափ ցանկալի կլիներ, եթե Դուք Ձեր ուղևորության առիթվ անելիք հաշվետվության հատկապես ա՛յս կետին անդրադառնալիս, թող անպարկեշտություն չթվա, ըստ հնարավորին Ձեր խոսքին զուտ բարեկամական տրամադրվածությունից դրդված գերադրականություն հաղորդեիք: Օրինակի համար, Արաքսի ափին գտնվող մի փոքրիկ քաղաքում մենք մի ծեր քահանա ունենք, որն իր կյանքի ընթացքում ոչ պակաս, քան 63 000 պատարագ է մատուցել, իսկ մեկ ուրիշ քաղաքում վեր է խոյանում մի նշանավոր ժամանակակից եկեղեցի, ուր ամեն ինչը ցեմենտից է շինված, այն էլ համաձուլվածքային ցեմենտից. պատերը, աշտարակը, հատակը, սյուները, խորանը, տանիքը, մկրտության ավազանի քարակերտ մակերեսը, եկեղեցու բեմը և այլն, ամեն-ամեն ինչ, մինչև իսկ ամենավերջին ջահը, անգամ զոհասեղանը:

Այո՜,մտածեցի ես, ձեր այդ ցեմենտակուռ բեմի վրա ցեմենտե քահանա էլ տնկված կունենաք…Բայց լռեցի:

” Ինչպես տեսնում եք,- շարունակեց իմ առաջնորդը,- ուզում եմ մինչև վերջ անկեղծ լինել Ձեզ հետ: Մենք անչափ շահագրգռված ենք, որ մեր, որպես քրիստոնյաների համբավը կարելվույն չափ պրոպագանդենք: Թեև ճիշտ է, որ մեր երկիրը դարեր ի վեր ընդունել է քրիստոնեական կրոնը և երբեմնի մասսագետական աստվածներից ու կուռքերից հետք անգամ այլևս չի մնացել, սակայն երկրում գործում է փոքրաթիվ, սակայն չափազանց խանդավառ մի կուսակցություն, որն իր առջև խնդիր է դրել դեռևս պարսից արքա Կյուրոսի և Տոմիրիս թագուհու ժամանակներից հայտնի հին աստվածներին կրկին վերահաստատել իրենց պաշտոնի մեջ: Ինչպես հասկանում եք, դա սոսկ մի քանի ցնորամիտ անձանց անհեթեթ քմահաճույքի արդյունքն է, բայց և այնպես, ինչպես և կարելի էր սպասել, հարևան երկրների մամուլը կառչել է այս ծիծաղելի և անլուրջ փաստից և դրա մեջ փորձում է կապ տեսնել իբր թե Տիրոջ ընկալումներում մեզանում առաջ եկած վերաիմաստավորման նորագույն հովերի հետ: Դրանով իսկ մեզ վրա կասկած է ընկնում, թե իբր ուզում ենք հեռանալ քրիստոնեությունից, որպեսզի այդպիսով այս գալիք պատերազմում, ուր մեզ ոչնչացնելու համար գործադրելիք բոլոր միջոցները ձեռք են առնված, կարողանան առավել հեշտությամբ վնասազերծել նաև այս վերջին մեկ-երկու խանգարիչ գործոնները ևս: Ահա հենց այս պատճառով էլ մեզ համար շատ ցանկալի է, որպեսզի հատուկ շեշտվի մեր երկրի քրիստոնեականությունը: Ճիշտն ասած` մեր մտքով էլ չի անցնում և ձգտում անգամ չունենք աննշան իսկ չափով ազդելու Ձեր անաչառ հաշվետվության վրա, այնուամենայնիվ, ամեն դեպքում, կարող եմ Ձեզ բացեիբաց վստահեցնել, որ մեր քրիստոնյա լինելու մասին մի երկու տող հիշատակելու Ձեր հանձնառության և պատրաստակամության հետևանքը կարող էր լինել այն, որ Դուք անպայմանորեն կարժանանայիք մեր վարչապետի անձնական հրավերքին: Սա իմիջայլոց:

” Այդ մասին պետք է լրջորեն մտածեմ,- ասացի ես:- Ճիշտն ասած, քրիստոնեությունը իմ մասնագիտական առարկան չէ: ” Այժմ շատ ուրած եմ կրկին տեսնելու այն հոյակապ հուշարձանը, որը Ձեր նախնիները կանգնեցրել են քաջարի Սպարգապիսեսին ի հիշատակ:

” Սպարգապիսե՞ս,- մրմնջաց իմ գործընկերը:- Բայց ո՞վ է դա:

” Խոսքը Տոմիրիսի այդ մեծազոր որդու մասին է, որը Կյուրոսի կողմից գործադրված խորամանկ խաբեության հետևանքով իրեն բաժին ընկած անպատվությունը տանել չկարողացավ և , գերության մեջ հայտնվելով, վերջ տվեց իր կյանքին:

” Դե, այդպես էլ ասեիք,- բացականչես իմ ուղեկցորդը,- ես տեսնում եմ, որ Դուք շարունակ Հերոդոտոսին եք վկայակոչում: ” Ճիշտն ասած, այդ հուշարձանը պետք է որ, իրոք, շատ գեղեցիկ եղած լիներ: Դժբախտաբար, այն տարօրինակ մի ձևով անհետացել է երկրիս երեսից: Լսո՞ւմ եք ինձ… Կարծում եմ Ձեզ պետք է հայտնի լինի, որ մենք չափազանց մեծ հետաքրքրություն ենք ցուցաբերում զանազան գիտությունների, հատկապես հնագիտության նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է հետազոտական նպատակներով ձեռնարկված պեղումների կամ փորման աշխատանքների քառակուսի մետրերով արտահայտված հողային մակերեսի ընդհանուր թվին, ապա պետք է ասել, որ մեր երկիրը համաշխարհային վիճակագրական տվյալներով զբաղեցնում է երրորդ կամ չորրորդ տեղը: Այդ մեծածավալ պեղումները, որոնք գլխավորապես նախապատմական հայտնագործությունների նպատակ են հետապնդում, գիտնականներին ընդհուպ մոտեցրին նաև Տոմիրիսի ժամանակներից եկող այդ հուշարձանի մատույցներին, և ահա այստեղ, հենց այդ տեղամասում, ուր մեծ հայտնագործություններ կատարելու խոստումնալից ենթադրություններ էին արվում, մասնավորապես` այստեղ հայտնաբերվեց մասսագետական մամոնտի կմախք, փորձեր արվեցին փոքր-ինչ ավելի խորանալ` այդ Ձեր ասած հուշարձանը փորել-հանելու նպատակով: Սակայն, ողջը փուլ եկավ… Բայց դրա մնացորդները դեռ կարելի է տեսնել Մասսագետական պետական թանգարանում:

Նա ինձ առաջնորդեց դեպի պատրաստ սպասող մեքենան, և աշխույժ խոսակցությամբ տարված` մենք խորացանք երկրի ներսը:

Հերման Հեսսե

Այստեղից։