Երևի գաղտնիք չի, որ ամենատարբեր կալիբրի պաշտոնյաների տղաները փաստացի բավական լայն հնարավորություններ են ունենում, որ կամ ընդհանրապես չծառայեն, կամ ծառայեն փափուկ տեղերում։ Դա, իրավապահ մարմիններից բացի, տեսնում են բոլորը, ու այդ փաստն, իհարկե, ջուր է լցնում թշնա … թֆու, վ սմիսլե ԵԵՉ-իզմի ջրաղացին (թեև թշնամու ջրաղացին էլ է ջուր լցնում, որ խորանանք)։

Ի՞նչ անել։ Դառը փորձը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարության հրապարակային հայտարարությունները նման երևույթների դեմ օր ու գիշեր պայքարելու մասին ոչ մեկի ոտներին չի։

Բա լավ, ի՞նչ անել։ Ուրեմն ասեմ. պիտի ընդունել հատուկ, դիսկրիմինացիոն օրենք։ Դիսկրիմինացիայի պիտի ենթարկվեն պետական պաշտոնյաների տղաները։ Ընդ որում` ինչքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի մեծ է դիսկրիմինացիայի աստիճանը։

Ավելի մանրամասն` cut-ից հետո։

Գաղափարը հետևյալն է։

Հանրապետությունում բոլոր պաշտոնները բաժանվում են կատեգորիաների, օրինակ` Ա-ից Ֆ։ Ա կատեգորիայի մեջ մտնում են բարձրագույն պաշտոնները, Ֆ-ի մեջ` համապատասխանաբար` ցածրագույն պաշտոնները (օրինակ` ենթադրենք նախագահը, վարչապետը, նախարարները Ա կատեգորիայի մեջ են մտնում, իսկ գյուղական դպրոցի տնօրենը` Ֆ)։

Կատեգորիաների են բաժանվում նաև բոլոր զինապարտները։ Զինապարտի կատեգորիան սահմանվում է որպես վերջին երկու տարվա ընթացքում նրա ընտանիքի անդամներից և մոտ հարազատներից ամենաբարձր կատեգորիայի պաշտոն ունեցողի կատեգորիա։ Ընտանիքի անդամներ են ինքը, զորակոչիկը, հայրը, մայրը, կինը, տատիկը, պապիկը և այլն, իսկ մոտ հարազատներ են քույրը, եղբայրը, մորաքույրը, հորաքույրը, քեռին, հորեղբայրը, զարմիկները, ինչպես նաև կնոջ կողմից նույն հարազատները։

Այսինքն` եթե զինապարտի հայրը Զ կատեգորիայի պաշտոն ունի, իսկ կնոջ եղբայրը` Ե, ապա նրա կատեգորիան կլինի Ե։ Ընդ որում` եթե կնոջ եղբայրը ազատվի էլ աշխատանքից կամ անցնի ավելի ցածր կատեգորիայի աշխատանքի, զինապարտի կատեգորիան 2 տարի դեռ կմնա Ե (եթե, իհարկե, այդ ընթացքում նրա ընտանիքի անդամներից կամ հարազատներից մեկը չստանա Ե-ից ավելի բարձր կատեգորիայի պաշտոն)։

Այս բոլոր տվյալներն ի մի բերելը և մի համակարգ ստեղծելը, որը հնարավորություն կտա հետևել բոլոր փոփոխություններին, իհարկե, մի օրվա գործ չի, բայց դա վերջին հաշվով տեխնիկական խնդիր է և լուծելի է։

Հիմա։ Ինչու՞մն է կայանում դիսկրիմինիացիան։ Օրենքը պիտի պարտադրի, որ առաջնային գծի զորամասերն առաջնահերթ պիտի համալրվեն բարձր կատեգորիա ունեցող նորակոչիկներով։ Սկզբից Ա կատեգորիա ունեցողները, հետո Բ, հետո Գ և այլն։ Այսպիսով օրենքը պարտադրաբար պետական պաշտոն զբաղեցնողների տղաներին մյուսներից շուտ կուղարկի առաջնային գիծ ու որոշում ընդունելն արդեն կախված չէ ինչ-որ մի զինվորական պաշտոնյայի կամքից։ Առավելագույնը, որ կարող է նա որոշել, ասենք ուղարկել Ֆիզուլի, Եղնիկներ, թե՞ Մռավի լեռներ։

Ինչ վերաբերում է ազատվելուն։ Օրենքը պիտի պարտադրի, որ հրապարակվեն, թե օրինակ առաջին տաս կատեգորիաներն ունեցող զորակոչիկների քանի՞ տոկոսն է ազատվել բանակից։ Եթե, օրինակ` ազատվել են 80 տոկոսը, ապա ակնհայտ է, որ կամ բազմաթիվ բժիշկներ պիտի ձերբակալվեն, կամ մեր պաշտոնյաների տղաներին մի տարօրինակ հիվանդություն է կպել։ Եվ օրենքը պիտի պարտադրի, որ որոշակի շեմից բարձր ազատվելու տոկոսի դեպքում ստուգումներ անցկացվեն և պարզվեն պատճառները, որոնք նաև պիտի ներկայացվեն ԱԺ։

Օրենքը կդնի ավելի խիստ պահանջներ։ Օրինակ` որ առաջին մի քանի (օրինակ` 5) կատեգորիաների դեպքում իրավապահների կողմից պարտադիր պիտի ուսումնասիրվեն բժշկական հետազոտության նյութերը և նշանակվեն կրկնակի հետազոտություններ, իսկ երկրորդ 5-յակի համար կատարվեն ընտրովի ստուգումներ։ Սրանք տոկոսային ստուգումներից անկախ։

Ավելին` առաջին մի քանի կատեգորիաների համար օրենքը պիտի նաև բանակից տարկետման իրավունքի սահմանափակումներ մտցնի։ Օրինակ` ԲՈՒՀ ընդունվելուց բարձր կատեգորիա ունեցող զինապարտը տարկետում չպիտի ստանա։

Այսպիսով լուծվում է պաշտոնյաների տղաների չծառայելու խնդիրը, սոցիալական արդարությունը վերականգնվում է, ԵԵՉ-իզմի մակարդակն էլ չի աճում։

Հ.Գ.
Հիմա կասեք ” «բա օլիգարխների տղաները»։ Նախ, ես հո չեմ ասել, թե այս առաջարկը կլուծի բանակից խուսափելու խնդիրն ընդհանրապես։ Բացի այդ` ցանկության դեպքում սա հնարավոր է տարածել նաև հարուստների վրա։ Օրինակ` եթե զինապարտի ընտանիքի և հարազատների ընդհանուր կարողությունը ինչ-որ X գումարից մեծ է, ապա նրան ավտոմատ վերագրվում է որոշակի կատեգորիա։

Հ.Հ.Գ.
Ընդհանրապես, ժողովրդի թշնամիներին (իսկ պետական պաշտոնյաները ժողովրդի թշնամիներ են ըստ սահմանման) և նրանց ընտանիքի անդամներին դիսկրիմինացիայի ենթարկող օրենքների քանակը պիտի էլ ավելի շատ լինի, բայց այդ մասին հաջորդ դասերին, սիրելի փոքրիկներ։