Մի ռոմանտիկ միտք կա հայերիս, հատկապես` հայ ազգայնականների շրջանում, թե. «հեռու չէ կորցրածը հետ բերելու օրը», իսկ Թուրքիան էլ կավե ոտքերով հսկա է պարզապես, որ մեր մի հարվածով կտապալվի։ Ու ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մարդկանց շուրթերից պարբերաբար լսում եմ այս մտքերը։

Մինչդեռ սա իրականության հետ ոչ մի կապ չունի, այլ վտանգավոր երազ է միայն, խաբկանք ու ցնորք։ Առասպելական Սիրենայի մի երգ է, որը մեզ շեղում է ճիշտ ճանապարհից, իրական անհրաժեշտ քայլերից։ Իսկ իրականությունը այդ երգի ստեղծած գեղեցիկ իլյուզիայից տարբերվում է մոտավորապես այնքանով, որքանով երիտթուրքերի խոստացած արդարությունն ու հավասարությունն էին տարբերվում Դեր Զորի անապատների փոշուց։

Իրականությունում կորցրածը հետ բերելու համար մենք մի շարք փուլերով պիտի անցնենք, որոնցից յուրաքանչյուրը կարող է տասնամյակներ և նույնիսկ հարյուրամյակներ տևել։ Այո, այո, հարյուրամյակներ։ Բա ի՞նչ, ուզում էիք մի քանի հարյուր տարի շարունակական նահանջից հետո տասնամյակներո՞ւմ կամ նույնիսկ տարիներո՞ւմ հետ բերել բոլոր դիրքերը։ А вот хуй вам։ Բարի եղեք նախապատրաստվել մի քանի հարյուր տարի տևած շարունակական հարձակմանը։

Իսկ փուլերն իսկապես անհրաժեշտ են ու երկարատև։ Մի կողմից պետք է պռնկեպռունկ լցնել այս 42000 քառակուսի կիլոմետրը (հաշվեք, թե 3 միլիոնը տասնապատկելու համար ինչքան ժամանակ կպահանջվի էն դեպքում, երբ դեռ ընթացիկ դեմոգրաֆիկ վիճակն է պետք շտկել) ու միաժամանակ դառնալ այնքան ինքնաբավ, որքան հնարավոր է տեսականորեն։ Մյուս կողմից պետք է երկարատև պայքարի համար անհրաժեշտ ինֆրաստրուկտուրա ստեղծել, այդ թվում` կոմունիկացիաներ, զինված ուժերի կազմակերպման, ռազմական ուսուցման այլ փիլիսոփայություն ևն։

Բայց սա դեռ ամենաակնհայտ թվացող բաներն են ” գլխաքանակի ավելացում ու մուսկուլների կաչատ, որոնք միայն կապահովեն մեր ֆիզիկական անվտանգությունը ներկա սահմաններում։

Իսկ կորցրածի հետ բերման համար անհրաժեշտ այլ բաներ էլ են պետք։ Մենք պատրաստվում ենք աշխարհաքաղաքական լուրջ ընդհարման և ակնհայտ անմտություն կլինի մեր կողմից սկսել այդ ընդհարումը առանց մեր առկա դիրքերը ամրացնելու։ Իսկ մեր դիրքերը հիմա ողջ տարածաշրջանում են, և հետևաբար մենք խնդիր ունենք կշիռ ու ազդեցություն ստեղծել մեր տարածաշրջանում, ինչը ենթադրում է մշակույթային, սպորտային, կրթական լուրջ հեղինակություն ու դա այն դեպքում, երբ տարածաշրջանում արդեն կա շատ ուժեղ ամերիկյան, ռուսական և … թուրքական ազդեցություն։ Դուք պատկերացնու՞մ եք օրինակ հայկական դպրոցներ Դերբենտում (այսօր երևի ավելի հեշտ է պատկերացնել առանց հայկական դպրոցների Հայաստան, չէ՞, Աշոտյանի ականջը խուլ)։ Ո՞չ։ Շատերը չգիտեն էլ Դերբենտի տեղը։ Իսկ թուրքական պատկերացնու՞մ եք։ Գուգլեք, կպատկերացնեք։

Լավ, իսկ քանի՞ տասնամյակ է պետք, որ հայը սպորտային հեղինակություն դառնա ասենք չեչենի մոտ (դա այն դեպքում, երբ այսօր հայերի չնչին տոկոս է զբաղվում սպորտով)։

Եվ ամենակարևորը, գրողը տանի, մեզ պետք է արտահանվող գաղափարախոսություն։ Մի գաղափարախոսություն, որը կկարողանանք մատակարարել մեր հարևաններին, նույն չեչեններին, վրացիներին, լեզգիններին։

Ու այս բոլորը դեռ միայն նախապատրաստական աշխատանքներն են, որոնց կատարման ժամանակ մեզ խանգարելու են բոլորը. և ռուսները, և պարսիկները, և արևմուտքից, և թուրքերը։

Եվ միայն այն բանից հետո, երբ կունենանք Կովկասում դոմինանտ դիրք ունեցող մի 30 միլիոնանոց Հայաստան, նոր կունենանք մեր կորցրածը ետ բերելու ռեալ հնարավորություն։

Իսկ ի՞նչ է մեզ երգում այս ամենի փոխարեն Սիրենան։ Թուրքիայի ինքն իրեն փլվել, ծպտյալ հայեր, ամեն ինչ շատ հեշտ է լինելու ևն։

Հ.Գ.
Իսկ որոշ մարդիկ էլ հակառակ ծայրահեղությունն են ու մինչև հիմա ասում են «աշխարհը պիտի ճանաչի», «ներողություն կխնդրի՞ Թուրքիան, թե չէ», «ևս 1.5 թուրք մտավորական է ներողություն խնդրել»։