Բնիկ հայկական տեղանունները. մաւր «ցեխ, ճահիճ» բառը և նրա գետանվանական արժեքը
Հնդեվրոպական ծագման` բնիկ հայկական մաւր / մօր «ճահիճ» բառը մատենագրության մեջ հանդիպում է նաև մօր-ատ, մուր-ատ և այլ ձևերով: Հանդես է գալիս նաև գետանուններում` Մեծ-ա-մաւր, Մուրց-ա-մաւր, Խօզ-մօր: Արածանի գետի ափամերձ տարածքներում գտնվող ճահճուտները Հովհան Մամիկոնյանի «Տարօնի պատմության» մեջ հիշատակվում են մուր-ատ և այլ ձևերով: Այս տվյալների հիման վրա սույն հոդվածում առաջ է քաշվում մի վարկած, ըստ որի` Արածանի գետի Մուրատ/դ անվանումը նույնպես արտացոլում է այս բնիկ հայկական բառը և հետևաբար ծագումնաբանական կապ չունի թուրքական Մուրադ անձնանվան և/կամ մուրադ բառի հետ: Դրանց հետ նույնացումը հետագա վերաիմաստավորման հետևանք է:
Հոդվածի ամբողջական` անգլերեն տարբերակը [Armenian mawr ‘mud, marsh’ and its hydronymical value. In: Aramazd: Armenian journal of Near Eastern studies, vol. 4.1, 2009, pp. 73-85 and 179-180 (Summary in Armenian)] կարող եք գտնել այստեղ:
1.Հայ պատմական լեզվաբանության կարևորագույն խնդիրներից մեկն է տեղանվանական համակարգի ամբողջական ուսումնասիրությունը և նրա բազմաշերտ կառուցվածքի քննությունը հայոց լեզվի ու մշակույթի զարգացման համատեքստում: Սա կարող է օգնել առանձնացնելու տեղանվանական համակարգի հնագույն՝ հնդեվրոպական նախալեզվից ժառանգված շերտը հետագա փուլերի փոխառյալ շերտերից և ուրվագծել Հայկական լեռնաշխարհում հայախոս տարրի զարգացման փուլերը:Որևէ տեղանվան հնդեվրոպական ստուգաբանությունը կարող է քիչ թե շատ հավաստի համարվել, եթե այն բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն երեքին կամ չորսին. 1) տեղանունը հուսալիորեն վկայված է հայ և/կամ օտարալեզու աղբյուրներում. 2) նրա հնությունը երաշխավորվում է սեպագիր աղբյուրների օգնությամբ. 3) նրա հենքում ընկած է հնդեվրոպական ծագման բառ. 4) տեղանունը պարունակում է հայերենում չվկայված հիմնաբառ, որ կարող է բխեցվել հնդեվրոպական որևէ արմատից. 5) հիմնաբառի իմաստը համապատասխանում է տվյալ տեղանվան տիպին. 6) իմաստաբանական հենքը հաստատվում է տվյալ տեղանվան այլ անվանումների իմաստաբանությամբ. 7) տվյալ հնդեվրոպական բառույթից տեղանուններ են կերտվել նաև այլ հնդեվրոպական լեզուներում: Այս չափանիշներին այս կամ այն չափով համապատասխանող տեղանուններից են` Արածանի, Արծուրակ, Գէն, Գիս, Լսին, Կողբ, Հացի, Ջերմ, Սիմ, Տուարածատափ, Քարքէ և այլն:
2. Հայերեն մաւր, -ի, -ից և -աց «ճահիճ» բառը հուսալիորեն վկայված է 5-րդ դարի (Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի ևն) և ավելի ուշ հայկական գրավոր հուշարձաններում: Հետդասական և միջինհայերենյան ժամանակաշրջաններում հանդիպում են նաև -տ ածանցական տարր պարունակող տարբերակներ՝ մաւր-ատ, մուր-ատ, մօր-ոտ, մուր-ոտ, մուր-տ ևն: Հովհան Մամիկոնյանի «Տարօնի պատմության» մեջ բառը հիշատակվում է մի քանի անգամ՝ մաւր, մուր-տ և մուր-ատ ձևերով, և վերաբերում է Տարոն և Հաշտյանք գավառներում` Արածանի գետի ափամերձ տարածքներում գտնվող ճահճուտներին: Բառի մաւր և մաւր-ատ հիմնաձևերը պահպանվել են Խոտորջուրի և հարավարևմտյան մի շարք բարբառներում՝ Սեբաստիա, Զեյթուն, Սվեդիա ևն:
Հայերեն մաւր «ճահիճ» բառը կցվել է մի կողմից լիտվ. máuras «ցեխ», mauraĩ «ճահճաբույս. ցեխ, տիղմ», ռուս. мур-ок «մարգագետնի խոտ» ևն, մյուս կողմից՝ հին իռլ. muir «ծով», ռուս. море «ծով», օս. mal «կանգնած ջուր», հին իսլ. mærr «ճահճուտ», հ.-բ.-գերմ. muor, հին անգլ. mōr «ճահճուտ» ևն բառերին. հմմտ. նաև՝ *-sk-ածանցով՝ հ.-անգլ. mėr(i)sc, անգլ. marsh, մ.-բ.-գերմ. marsch «ճահիճ» ևն: Հնարավոր է ենթադրել բաղարկություն: Հմմտ. նաև մի շարք եվրոպական գետանուններ՝ Μάρισος, Marus, March, Morava ևն:
3. Հայ. մաւր «ճահիճ» բառը հանդես է գալիս նաև գետանուններում. Մեծ-ա-մաւր (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, «Աշխարհացույց» ևն), Մեծ մաւր (Մովսես Խորենացի), Մուրց կամ Մուրց-ա-մաւր (Մովսես Խորենացի, «Աշխարհացույց»), Խօզ-մօր («Աշխարհացույց»): Վերջին գետանվան առաջին բաղադրիչը սխալմամբ նույնացվել է խոզ կենդանաբառին: Իրականում այն խօզ «ճահճաբույս, ջրիմուռ» բառն է: Այս *խօզ-մօր բարդ բառի բնիմաստն է, այսպիսով, «մամռածածկ ճահիճ». հմմտ. նաև Սեբաստիայի բարբառի *խօզ-մ(ու)րատ «ճահիճ. կանգնած ջրերի հոտած տիղմ» բառը: Սրա առաջին բաղադրիչը նույնպես նույնացվել է խոզ կենդանաբառին, սակայն իրականում բառը կազմված է խօզ «ճահճաբույս, ջրիմուռ» և մուրատ «ցեխ, ճահիճ» արմատներից:
4. Արածանի գետի Մուրատ/դ անվանումը սովորաբար համաժամանակյա կտրվածքով նույնացվում է թուրք. Մուրադ անձնանվան և/կամ մուրադ բառի հետ:[1] Հնարավոր է, սակայն, որ այստեղ գործ ունենք ժողովրդական ստուգաբանության հետ: Նկատի ունենալով, որ հետդասական և միջինհայերենյան ժամանակաշրջանների մօրատ և մուրատ ձևերը ներկայացված են հիմնականում հարավ-արևմտյան բարբառներում, և որ Հովհան Մամիկոնյանի «Տարօնի պատմության» մեջ մուր-ատ և այլ ձևերով հիշատակվում են Արածանի գետի ափամերձ տարածքների ճահճուտները Տարոն և Հաշտյանք գավառներում, կարելի է Արածանի գետի Մուրատ/դ անվանման հիմքում տեսնել մօ/ուրատ «ճահիճ» բառը:
Այն, որ «Տարօնի պատմության» հեղինակը կամ խմբագրողը եղել է Տարոնի կամ մերձակա տարածքների բարբառի ներկայացուցիչ, կարող է անուղղակիորեն հաստատվել հետևյալ օրինակով: Հայերեն գազպէն «մանանա» բառը հայտնի է սակավադեպ գրական վկայություններով և ներկայացված է գլխավորապես Մշո ու Կարնո խմբերի բարբառներում, որոնց հին վիճակները հավանաբար հիմնականում խոսվել են Տուրուբերան նահանգում և Բարձր Հայքի ու Այրարատի նահանգների՝ Տուրուբերանին հարող տարածքներում: «Աշխարհացույցում» գազպե/էն-ը ներկայացվում է որպես Տուրուբերանի արտադրություն, իսկ «Տարօնի պատմության» հեղինակը / խմբագրողը մանանայի մասին ասում է. զոր գազպէն կոչեմք «որը մենք գազպէն ենք կոչում»:
Հրաչ Մարտիրոսյան
hrch.martirosyan@gmail.com
2009 / 26.02.2014, Լեյդեն
[1] Հայ. բանահյուսության մեջ հանդիպում են հետաքրքիր բառախաղեր, ինչպես օրինակ՝Տիքրիս խասավ կյետ Մուրադին,
Տյու էլ խասար քյու մուրադին:
Էկանք խասանք Մուրադա կյետ,
Մուրադըմ տուր, նոր տառնանք ետ: