Եթե մի պահ մտովի տեղափոխվենք ասենք 2000 տարի դեպի առաջ, ի՞նչ կգրեն այն ժամանակվա հայ դիլետանտ–պատմաբանները մեր ժամանակների մասին։

Նրանց գրքերում, առնվազն, չի լինի հայոց ցեղասպանությունը։ Ֆոլկ–պատմությունը միայն հեռավոր անցյալի փառքի մասին պիտի լինի։ Կարծում եմ, որ այդ պատմությունում Օսմանյան Թուրքիան անպայման պիտի նույնացվի Հայաստանի հետ։
Ինչպե՞ս դա հնարավոր կլինի հիմնավորել։ Եկեք մտածենք. Թուրքիա – սա ակնհայտորեն պիտի մեկնաբանել որպես թուր արմատով տեղանուն, իսկ ք-ն էլ, բնականաբար, հոգնակիակերտ է։ Այս ստուգաբանությունը կհաստատվի նաև Օսմանյան կայսրության սիմվոլ դարձած յաթաղանով – դա էլ է չէ՞ թուր։ Բա դրոշի վրայի լուսինը – յաթաղանանման, այն է` թրանման։ Այսինքն` Թուրքիա – թրերի երկիր։

Ինչ վերաբերում է Օսմանյան բաղադրիչին, ապա –յան մասնիկը դե, ակնհայտ է. Արտաշեսյան, Ռուբինյան, Օսմանյան։ Այ Օսմանն ավելի բարդ է թվում։ Բառը պիտի բաժանել երկու բաղադրիչի. Օս+ման։ Մանը, դա նույն ԱրիՄանի մանն է ու նույն ինքը անգլերենի man–ը, այսինքն` տղամարդ, արի, արիացի։ Օսի մասով էլ. Աճառյանի բառարանում գտա օսր = դարբինի սալ, զնդան բառը։ Այն, ճիշտ է, Աճառյանի մոտ փոխառություն է թուրքերենից, բայց դե հիմա մարդը սխալվել է։ Օսրմանն էլ այդ դեպքում կստացվի կամ դարբին կամ միգուցե երկաթյա կամ զինագործ մարդիկ (զնդան=>երկաթ/զինագործ անցումը լրիվ խելքին մոտ է)։
Ու տեսեք ինչ է ստացվում Օսրմանյան Թուրքիան դա նշանակում է կամ դարբինների թրեր կամ զինագործների թրեր։ Էդ վերջինը լավա հնչում։ Այսինքն` 2000 տարի հետոյի դիլետանտների թեթև ձեռքով էսօրվա հայերս կդառնանք աշխարհահռչակ զինագործներ։ Դզումա, չէ՞։

Օսմանյան բառի մեկ այլ ստուգաբանություն էլ է հնարավոր։ Այդ ստուգաբանությունում բառասկզբի օս–ը պիտի նույնացնել Հայաստան բառի մեջ եղած ԱՍ–ի հետ։ Դե օ–ա, յուրաքանչյուր քյավառցի գիտի, որ սա նույն բանն է։ Իր հերթին այդ ԱՍ-ը տեղի ցուցիչ է ու նույն ՍԱ–ն է։

Այսինքն` Հայ+աս+տան նշանակում է պարզապես սա հայերի տունն է։

Օսմանյան/Ասմանյանն էլ ստացվում է սա տղամարդիկ են (չմոռանանք, որ ռուսերենում հենց ԱՍմանսկայա էլ արտասանվում է)։
Այս մի ստուգաբանությամբ ստացվում է, որ Օսմանյան Թուրքիան նշանակում է սա տղամարդկանց թրեր են, այսինքն` Հայաստանը թրերով ու առհասարակ` լավ զինված տղամարդկանց երկիր է։
Բա ինչքա՜ն բեղումնալից կլինեն Բյուզանդիա->Օսմանյան Թուրքիա անցման պատմությունները։ Էն էլ, էն էլ հայկական են, այսինքն` գործ ունենք քաղաքացիական պատերազմի հետ, որտեղ հայկական մի կլանը հաղթել է մյուսին։