Էն հարցի մասին, թե ինչի ա շատերի կողմից ապրիլյան պատերազմը որպես պարտություն ընկալվում ահագին ժամանակ ա մտածում եմ։

Իրականությունում որպես պարտություն ընկալելու պատճառներ, իհարկե, կան էս պատերազմի արդյունքներում, բայց ես պնդում եմ, որ էլ ավելի շատ ու էլ ավելի էական են որպես հաղթանակ ընկալելու պատճառները։
Բայց, կա նաև մի հանգամանք, որը կապված չլինելով պատերազմի արդյունքների հետ, այնուամենայնիվ էական դեր է խաղացել պարտության ընկալման համար – պատերազմից մեր սեփական ակնկալիքները։

Տարիներ շարունակ կերտված «մի շաբաթում կհասնենք Քռի ափ», «ուզենք` մինչև Բաքու կհասնենք», «ադրբեջանցին վախկոտ է ու ոչխար» միֆալոգիան 4 օրում բախվեց իրականությանը. ոչ Քռի ափ դուրս գալու, ոչ էլ առավել ևս Բաքու հասնելու ցրցամն էլ չերևաց։

Ու քանի գնում, այնքան ավելի եմ համոզվում, որ սպասելիքների այս չարդարանալն է բերել այն լոմկային, թե պարտվել ենք։ Եթե տարիներ շարունակ մեզ խոստանային ոչ թե Բաքու հասնել, այլ` թշնամուն հետ մղել, լրիվ այլ ձև էր ամեն ինչ այսօր ընկալվելու։

Ընդ որում, եթե իրականության հետ բախվելու արդյունքում առաջին երկու միֆերն առնվազն որոշ ժամանակով կորցրին իրենց ակտուալությունը (թեև ես տեսնում եմ բոլոր հիմքերը, որ դրանք նորից ռեանիմացվեն – այդ մասին ստորև), ապա վերջինը դեռ ծլում ու ծաղկում է։ Ու դա էլ մի օր կարող է շատ ավելի ծանր լոմկել, երբ հազարավոր երիտասարդներ` ակնկալելով դիմացը վախկոտի տեսնել, հոգեբանորեն պատրաստ չեն լինի, երբ պարզվի, որ այդպես չէ։

Հիմա մի շաբաթում Քուռ հասնելու ու Բաքուն գրավելու մասին։ Էս միֆերը նոր կյանք են ստանում Իսկանդերի շնորհիվ. մարդկանց թվում է, թե դրանցով սաղ հարցերը կլուծվեն։ Ոմն մարդամեկ էլ ասում էր, թե Ադրբեջանի կեսը ավերակի է վերածվելու։

Ու սա էլ է ձևավորում սխալ, հեշտ, արագ հաղթանակի չարդարացված ակնկալիք հանրության մոտ հենց հիմա, որովհետև վաղը, մյուս օրը կարող է ապրիլյանի կարգի 10 հատ էլ պատերազմ ունենանք ու դրանցից ոչ մեկում Իսկանդերները իսկի գարաժից չեն դուրս գալու։ Ու մարդիկ հարց են տալու, թե ինչո՞ւ չհաղթեցինք, ինչո՞ւ չկիրառեցինք Իսկանդերները։ Ու հետևելու է այդ իրավիճակում ակնհայտ պատասխանը, որովհետև վերևներում դավաճան են, հողերն էլ արդեն ծախել են։

Մի խոսքով ” մի արեք տենց, մի ձևավորեք կեղծ ակնկալիքներ։ Թող հանրության ակնկալիքները լինեն համեստ, բայց իրական ու հասանելի։ Ի դեպ – նույնը բոլոր ոլորտներում, էդ «Հայաստանը կովկասյան վագր», «մենք մեր գիտական ներուժով էսօր չէ, էգուց Սինգապուր ենք անելու» բան, էս կարգի ախմախությունները օրինաչափորեն չիրականանալով` լոմկում են։ Էդքանից հետո ինչ էլ անես, չի ընկալվելու որպես հաջողություն, որովհետև` երկրային դրախտ էր խոստացվել։

Հ.Գ.
Կա կարծիք, թե պարտություն ենք համարում առավելապես տարածքային կորուստների պատճառով։ Իմ համոզմամբ դա այդպես չէ։ Նախ տարածքային կորուստն ինքնին պարտություն չէ։ Տվյալ պարագայում տարածքային կորուստը հոգեբանական լոմկային ընդամենը նյութական տեսք է տալիս – ուրիշ ոչ մի բան։ Ես կարող եմ օրինակներ բերել, երբ տարածքային կորուստը հաղթանակ է ընկալվել. օրինակ` խորհրդա-ֆիննական պատերազմը։

Ինչո՞ւ է այդպես։ Այն պատճառով, որ ոչ միանշանակ ու անորոշ ելքով պատերազմներում հաղթանակ թե պարտություն – սա հոգեբանական զգացողություն է, ոչ թե օբյեկտիվ իրողություն։ Ավելի պարզ ասած` եթե համարում ես, որ հաղթել ես, ուրեմն հաղթել ես։ Իսկ եթե համարում ես, որ պարտվել ես, ուրեմն պարտվել ես։

Անձամբ ես համարում եմ, որ եթե հոգեբանական ֆակտորը մի կողմ դնենք, ապա գոյություն ունեն ծանրակշիռ հիմքեր ի օգուտ այն բանի, որ հաղթել ենք։ Մանրամասն այդ մասին գրել եմ այստեղ։