Որոշել եմ հատ-հատ կարդալ ու տպավորություններս գրել ընտրական մրցավազքի մասնակիցների նախընտրական ծրագրերի մասին։ Սկսեցի «Ելքից»։ Ում հետաքրքիր է, կարող է ծանոթանալ ծրագրին այստեղ։

Ընդհանուր առմամբ, երբ «Ելքի» նախընտրական ծրագրում կրկնությունները ու անիմաստ բառակույտերը ֆիլտրեցի, ապա հնարավոր եղավ առանձնացնել 92 կետ։ Այս 92 կետերը նույն նշանակությունը ու կշիռը չունեն, դրանք առանձնացվել են զուտ «ավարտուն միտք» լինելու սկզբունքով։

Այդ 92 կետից իմ կարծիքով 3-ը անիմաստ են, 10-ը` անհեթեթություն (երբեմն նույնիսկ վտանգավոր անհեթեթություն), 32-ը կենաց են, իսկ 34-ը ինչ-որ գաղափարներ, որոնք քննարկման ենթակա են։ Քննարկման արդյունքում այդ 34-ի մի մասը կարող է պարզվի, որ էլի կենաց էր կամ անհեթեթություն, բայց որոշները կարող են նաև ողջամիտ լինել։ Եվ վերջապես 13 կետի մասին կարծիք չունեմ։

Բնականաբար 92 կետին հատ-հատ չեմ անդրադառնա, այլ միայն դրանցից առավել ուշագրավներին։

Այսպես, իր ծրագրում «Ելքն» օրինակ առաջարկում էր խմել.
Ռազմական հավասարակշռությունը վերականգնման;
Բնակչության թվի կրկնապատկման;
Ծանր արդյունաբերության;
Իրան-Հայաստան երկաթուղու;
Բյուջետային հիմնարկներում աշխատավարձերի բարձրացման ու մի շարք այլ առիթներով։

Ինչ խոսք, բարի ցանկություններ և երազանքներ բոլորս էլ ունենք։ Ես օրինակ ծովից ծով Հայաստան եմ երազում։ Բայց դե նախընտրական ծրագրի 1/3-ը չարժի կենացներով լցնել. վերջիվերջո կարդացողի մասին էլ է պետք մի քիչ մտածել։

Հիմա գամ անհեթեթություններին։
Առաջնագծում մարտական հերթապահությունը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու մասին
Սա, ըստ էության, «պրոֆեսիոնալ բանակի» մասին հանրության որոշ հատվածների ռոմանտիկ երազի մի քիչ ավելի մեղմ տարբերակն է։ Սա շատ վտանգավոր ու կեղծ թեզ է ու գալիս է պատերազմի մասին մեր ֆիլմային պատկերացումներից։ Էն որ «դե պրոֆեսիոնալ զինվորն ավելի արդյունավետ է, քան զորակոչվածը»։ Ու դրան գումարած էմոցիոնալ ջահել երեխեքը չզոհվեն (կարելի է մտածել, թե ջահել երեխեքի փոխարեն ընտանիքի հոր զոհվելը պակաս ցավալի պիտի լինի), ավելի փորձառուները լինեն (տեսնես որտեղի՞ց են այդ ավելի փորձառուները հայտնվում)։

Մարդիկ չեն հասկանում, որ մեզ պետք է պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս, որը նաև մարտական հերթապահության փորձ պիտի ունենա։ Պայմանագրային ծառայության խնդիրների մասին էլ մարդիկ առհասարակ տեղյակ չեն, բայց այդ մասին մի ուրիշ առիթով։

Խորհրդարանի 2-րդ պալատ սփյուռքի համար ու այդ պալատի իրավասությունների հարցը

Սա ոչ այլ ինչ է, քան սփյուռքի պոտենցիալի մասին ռոմանտիկ և միամիտ պատկերացումների արտացոլում նախընտրական ծրագրում։

Բանակի համար սարքավորումների և սպառազինության որոշ չափով պարտադիր գնումներ տեղական արտադրողից

Սա շատ լավ միտք է, եթե դու արդեն ունես կայացած ռազմաարդյունաբերություն։ Իսկ եթե չունես, նորը պիտի ստեղծես, ապա դու այս կետով ըստ էության բանակին պարտադրում ես գնել տեղական ինչ-որ բաներ` անկախ դրա որակից։ Օրինակ` մի քանի տարի առաջ ես ականատես եմ եղել, թե ինչպես էին «Երևան-էքսպոյի» ժամանակ Խաչատուրովի վրա փորձում սաղացնել մի սարքավորում, որի` բանակին անհրաժեշտ պարամետրերն ապահովող տարբերակը պարզվեց ահռելի չափեր կունենար և պրակտիկորեն կիրառելի չէր լինի (հենց արտադրողների իսկ ասելով)։ Ու դա այն դեպքում, երբ բանակը այդպիսի կոմպակտ սարքեր գնում էր այլ երկրից։ Հիմա պատկերացրեք, եթե Խաչատուրովը պարտադրված լիներ առնել այդ տեղական ջաբախանը։

Օրգանական մթերքի արտադրության կենտրոններ

Թեմայով մի քիչ հետաքրքրվողը գիտի, որ օրգանական գյուղատնտեսությունը նախ խաբեբայություն է, երկրորդ` արդյունավետ չէ։ Օրգանական մթերքի բիզնեսը կառուցված է այն տարածված տրամաբանական սխալի վրա, թե իբր այն ինչ բնական է, դա օգտակար է։ Բայց արդյո՞ք այդ միֆը պիտի պետական աջակցություն ստանա։ Ճիշտ հակառակը, պետությունը պիտի խրախուսի, որ գյուղատնտեսությունն ավելի առաջատար, տեխնոլոգիական դառնա, ոչ թե դեպի քարե դար վերադառնա (առանց այդ էլ քարե դարում ենք)։

Լրացուցիչ միջոցներ առաջադիմության խնդիրներ ունեցող դպրոցներին

Այո, որ մյուս դպրոցներն էլ լրացուցիչ միջոցներ ստանալու համար սկսեն թույլ առաջադիմություն ցույց տալ։ Եկեք խրախուսենք վատ արդյունք ցույց տալը։

Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տուգանքների նշանակման վերացում
Իսկ միգուցե նախորդ կետի օրինակով «կարգապահության խնդիրներ ունեցող վարորդներին լրացուցիչ միջոցնե՞ր տրամադրենք»։ Հույս ունեմ, որ այս կետի անհեթեթ լինելը բացատրելու կարիք չկա։

Ցածրաճաշակ մշակույթի քարոզի սահմանափակում
Շատ տարօրինակ է, որ իրեն որպես առաջադեմ ներկայացնող ուժը իր ծրագրում գրաքննության մասին դրույթ է ներառում։ Իսկ օրինակ յուպկաների կարճության սահմանափակում չեն ուզո՞ւմ մտցնեն։

Կուտակային պարտադիր բաղադրիչի վերացում
Պարտադիր բաղադրիչի վերացումը նշանակում է կուտակային համակարգի չլինել։ Իր հերթին մեր դեմոգրաֆիայի պայմաններում սա նշանակում է, որ 30-40 տարի հետո կամ ունենալու ենք սովամահ լինող թոշակառուներ, կամ այլանդակ բարձր հարկեր, կամ էլ երկուսն էլ։

«Ելքի» ծրագրում կետ կա նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, բայց էդքան էլ պարզ չէր, դա պարզապես խմելու առաջարկ էր, թե անհեթեթություն։

Ինչ վերաբերում է քննարկման ենթակա կետերին, ապա դրանցից հետևյալները կառանձնացնեմ։
Քաղաքացիական-ռեզերվային բանակ
Սա երևի ծրագրի ամենաիմաստալից գաղափարն է։ Իհարկե, իրենց գյուտը չի, ինչ-որ տեղ լսել են «շվեյցարական մոդել» ու վստահ էլ չեմ, որ լավ են պատկերացնում, թե ոնց են դա անելու (եթե պատկերացնելու լինեին, սրա կողքին միաժամանակ չէին ասի, թե մարտական հերթապահություն պայմանագրայիններով)։

Հարկային/մաքսային խրախուսանքներ որոշակի ոլորտներում
Սա ընդհանրացրած եմ գրել։ Իրականում, այն ոլորտները, որոնք նշել են «Ելքում» իրենց ծրագրում, միշտ չի որ իմաստ ունի խրախուսել։ Օրինակ` 150 և ավել աշխատող ՏՏ ընկերություններին շահութահարկից ազատելը կամ վերոհիշյալ օրգանական մթերքի արտադրության խրախուսումը – սրանք անհեթեթություններ են։ Բայց կային նաև իմաստալից ուղղություններ, օրինակ` հոսքագծերի ներմուծումը խրախուսելը, հակակարկտային ցանցերի կիրառման խրախուսումը և այլն։ Ընդհանուր դեպքում հարկային/մաքսային արտոնություններով որոշ ոլորտների խրախուսումը նորմալ գաղափար է, իսկ այ թե որ ոլորտներում դա իմաստ ունի անել, որոնցում չէ, դա արդեն հաշվարկների ու քննարկումների ենթակա հարց է։

Միջազգային բակալավրիատի ներդրում դպրոցում
Միջազգային բակալավրիատն այնքան էլ այն չի, ինչ ես պատկերացնում եմ հայկական դպրոցում, բայց բավականաչափ մոտ է։ Կարծում եմ, որ գաղափարը քննարկել արժի։

Անհիմն հարստացման համար հարկ
Կուլակաթափության համատարած քարոզի ֆոնին սա կարելի է առաջընթաց և կոնստրուկտիվ առաջարկ համարել։

Այսքանով երևի սահմանափակվեմ։ Կային էլի մի շարք օգտակար կամ քննարկման ենթակա գաղափարներ` օրինակ կապված հաշմանդամների իրավունքների և շահերի հետ, դպրոցներում խմբակների ստեղծման հետ, մանկատների սաների հետ և այլն, բայց այսքանով սահմանափակվեմ։

Ընդհանուր տպավորությունս. «Ելքում» շատ են իրական խնդիրներին անծանոթ, կառավարման փորձ չունեցող մարդիկ` իրականության մասին ինչ-որ եթերային ու ռոմանտիկ պատկերացումներով։ Կես տարի առաջ ինձ թվում էր, որ քվեարկելու եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կամ այն դաշինքի համար, որին կմիանա։ Բայց աչքիս չէ։