Երևանում զինված խմբի վնասազերծման թեման առաջին հայացքից ահագին տարօրինակ ռեակցիա առաջացրեց շատերի կողմից։ Իրավապահ ու արդարադատության համակարգերի նկատմամբ ավանդական (ու արդարացված) թերահավատությունից բացի կա նաև ձերբակալվածների նկատմամբ որոշակի համակրանք։ Մոտավորապես «ռեժիմի դեմ պայքարող խեղճ էրեխեք»։
Ընդհանրապես ստեղ ոնց որ թե գործ ունենք շատ հետաքրքիր կաղապարների հետ, երբ պետականաշինությունը, քաղաքական պայքարը ընկալվում է խաչիկդաշտենցյան պրիզմայի միջոցով։ Ես սա շատ վաղուց է, ինչ տեսնում եմ, որ շատ մարդիկ, ում թվում ա, թե իրենք ազգային հարցերով կամ քաղաքականությամբ են զբաղվում, իրանց զգում են ֆիդայիներ։ Ու անգամ խոսքի մակարդակում կմնա, կմնա ու մեկ էլ կհնչեն զանազան զուգահեռներ Հայաստանի գործող իշխանությունների ու Օսմանյան կայսրության միջև։ Սա օբյեկտիվ իրականությունից մի հրեշավոր կտրվածություն ա, որը վտանգավոր չափերի հասնող տարածվածություն ունի։
Ընդ որում, եթե մենակ դեղնակտուց ռոմանտիկ հեղափոխականների մոտ լիներ տարածված, ես դա կհասկանայի։ Բայց, գրողը տանի, երևույթը կա նաև հասուն, միջին տարիքի մարդկանց մոտ։ Ընդ որում՝ էդ ֆիդայականությունը ձեռքի հետ նաև շաղախվածա բոլշևիզմի մի բաբաթին դոզայով նենց, որ ստացված խառնուրդ տեսնելուց չգիտես, թե գլուխդ որ պատով տաս։
Հիմա անցնենք հասարակական արձագանքին։ Դեպքի անբաշար լուսաբանումը իրավապահների կողմից չքննարկենք։ Ուզենայիր, ավելի տապոռ բան չէիր մտածի, բայց դե դեռ Քարվաճառի ահաբեկիչների պատմությունից մենք գիտենք, որ մեր պետական քարոզչամեքենան կարող է եղելությունն էնպես ներկայացնել, որ ոչ ոք չհավատա։
Բայց, նույնիսկ վերոհիշյալ տապոռությունը հաշվի առնելով, որոշ մարդկանց արձագանքը շատ տարօրինակ է։ Գրողը տանի, Երևանում ինչ-որ տեղ եղել է լավ ու անօրինական զինված մի խումբ և մարդիկ դրա մեջ ոչ մի վտանգ անձնապես իրենց համար չեն տեսնում։
Չէ, ես ինքս օրինապահ քաղաքացիների զենք ունենալու և կրելու (այդ թվում՝ մարտական, ավտոմատ, կարճափող ևն) իրավունքի համոզված կողմնակից եմ, բայց օրինական ձեռք բերված և վերահսկելի զենքի, իսկ անօրինական զենքի ցանկացած շրջանառություն վտանգի տակ է դնում յուրաքանչյուր քաղաքացու։
Հիմա այս դեպքում մարդիկ այդ անձնապես իրենց սպառնացող վտանգը չեն տեսնում ու փոխարենն իրենց թվում է, թե ձերբակալվածները հերոս ասպետներն էին, ովքեր հեսա-հեսա պատրաստվում էին գնալ աղբյուրի վրա նստած դևին սպանել ու իրենց ազատել, էն էլ չստացվեց ու հիմա նստած ափսոսում են։
Իրականում բացարձակ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ մոտիվներ ուներ այդ խումբը – բանկ էին ուզում կտրել, թե ազգին փրկել։ Նշանակություն չունի, նախ որովհետև մեկը ես ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում պատահական զոհ դառնալու ոչ մի ցանկություն չունեմ։ Եվ երկրորդ, զենքով «ազգ փրկելը» մենք արդեն անցել ենք – ես 8-րդ դասարանում եմ անցել։ Էսօրվա պաշտոնական սպարապետապաշտության կրոնի պայմաններում շատերը մոռացել են, որ նույնպիսի մի «ազգ փրկող» էլ Նաիրի Հունանյանն էր, ով գնում էր ժողովրդի կողմից էդքան ատելի Վազգենին սպանելու (հա, հա, էդ հիմա ենք ազգովի Վազգենին սիրում, իսկ էն ժամանակ մարդկանց ուրախությանը չափ չկար)։
Ու ի՞նչ եղավ Նաիրի Հունանյանի ազգափրկությունից։ Ասում են՝ Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերը եղել են. «Տղաներ, այդպես հարցեր չեն լուծում»։ Ու իսկապես, ոչ մի հարց էլ չլուծվեց։ Ընդամենն ազդեցության գոտիների վերաբաշխում եղավ ու այն ժամանակվա էլիտայի մի հատվածը վտարվեց կերակրատաշտի մոտից։ Լրիվ նույն պրոցեսը կլինի նաև, եթե Սերժ Սարգսյանին սպանեն։
Հա, ի դեպ, էդ «մեկը գա, մեր խնդիրը մեր տեղը լուծի» մոտիվն էլ է, շատ տարածված։ Ամենաթարմը – «ուխխ, ռուսներն էսա մեր հողերը հետ կբերեն» կամ էլի շատ պոպուլյար «մի քանի հայրենասեր գեներալ սրանց հեռացնեն, Հայաստանն ազատեն»։ Այսինքն՝ մարդիկ երկիրը փրկելու (իրականում երկիրը փրկել չի պետք, շենացնել է պետք) գործում իրենք իրենց սուբյեկտ չեն զգում։ Մեկը մի բան անի, իրանք կողքից վայելեն։