«Հայաստան» պիտակով գրառումները

Ինտերնետում զանազան կռիվ-կռիվների պարտադիր բաղկացուցիչ մաս է հակառակորդ ճամբարի ներկայացուցիչների “աբսուրդային” մեկնաբանությունների հավաքածուների կազմումը: Օտարալեզու դպրոցների կռիիվ-կռիվն էլ բացառություն չեղավ և տարբեր մարդկանց մոտ հանդիպեցի այդպիսի հավաքածուների: Իհարկե, աբսուրդային որակումը ստացած ոչ բոլոր մեկնաբանություններն են իրականում այդպիսին, իսկ մյուսներն, իսկապես, աբսուրդային են, բայց այս մեկնաբանությունը, ինձ մի տեսակ շշմեցրեց: Այն ինչ-որ բանով առանձնանում է մյուս աբսուրդայիններից: Նախ այն հնչել է ոչ “հակառակորդ” ճամբարից (յազվիտ անել ցանկացողներին. հակառակորդ բառը հենց այնպես չի չակերտների մեջ): Երկրորդ` մինչ այս իմ տեսած աբսուրդային մեկնաբանություններում գոնե կարելի է տեսնել կենցաղային տրամաբանություն կոչվածը կամ այդ մեկնաբանությունները կարելի է հասկանալ զգացմունքային տեսանկյունից, երբ մարդու զգացմունքները ակտիվ վիճաբանության ժամանակ ուղղակի երկրորդ պլան են մղել սթափ մտածողությունը, բայց այս մեկում նման բաներ կարծես թե չկան: Մի խոսքով հղումը որպես հուշ թող մնա:

Պիտակներ. , ,

Հայերեն

gost_474_90-ի թասիբի քցող մեկնաբանությունից հետո վերջնականապես որոշեցի հետևել shamset-ի օրինակին ու անցնել հայերենի: Այսուհետև այլալեզու գրառումներ կլինեն միայն այն դեպքերում, երբ կլինի օբյեկտիվ անհրաժեշտության, որ գրառումը հասկանալի լինի ոչ միայն հայերին:

Պիտակներ. , ,

Ամենավատ բանը, որը կարող է պատահել ինչ-որ մի պայքարի հետ, այդ պայքարին մարգինալ մասսայի միանալն է:

Պիտակներ. ,

Արդյո՞ք վերջին օրերի բլոգասֆերայի գզվռտոցներն արդեն բավարար չեն հասկանալու համար, որ օտարալեզու դպրոցների գաղափարը վտանգավոր գաղափար է:

Պիտակներ. ,

Թերթ.ամ կոչվողը դեգեներատությունը չեմ կարդում, բայց նոր ՕԱ-ում մի նորություն նկատեցի այդ ռեսուրսից: Թերթ.ամ-ը սկզբում մեզ տեղեկացնում է, որ “Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններ սկսելու Ալիևի ծրագիրը կանխել է Անկարա՞ն”: Հետո արդեն, բուն հոդվածում, մեզ պատմում են, որ թուրքական հատուկ ծառայությունները (MIT) միայն վերջին պահին են կանխել Ալիևին, քանի որ դա կտապալեր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախաձեռնությունը: Հղում է արվում թուրքական ԶԼՄ-ներին, որոնք էլ իրենց հերթին հղվել են ադրբեջանական ԶԼՄ-ների վրա:

Հիմա հասկացաք հայե՞ր: Էտ սաղ Անկարայի շնորհիվա, որ էսօր խաղաղության մեջ եք ապրում: Վա՜յ էտ ի՜նչ լավ եղավ է՜, որ էտ Գյուլը եկավ Հայաստան, օրհնյալ լինի էդ սհաթը, հա՛: Թե չէ հիմա պատերազմ էր լինելու:

Գրական ձիրք չունեմ, բայց փորձեմ ֆանտազիայիս զոռ տալով պատկերել այդ տեսարանը, թե ինչպես վերջին պահին կանխվեց պատերազմը, Հայաստանի մասին օր ու գիշեր մտածող MIT-ի կողմից:

Ուրեմն Իլհամ Ալիևի աշխատասենյակն է: Աշխատասենյակում բացի Իլհամից ներկա են նաև ՊՆ Սաֆար Աբիևը, մի շարք այլ ադրբեջանցի գեներալներ, ուժային մյուս կառույցների ներկայացուցիչներ, անվտանգության խորհրդի անդամներ և այլն: Հետևում են մնացել պատերազմ սկսելու վերաբերյալ քաղաքական որոշումը և այդ որոշմանը հաջորդած ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքները. զորքերը մարտական վիճակի բերել, տեխնիկան վերանորոգել, անհրաժեշտ ուղղություններով կենդանի ուժ, զենք և զինամթերք կուտակել, բուն ռազմական գործողության ծրագրի կազմումը, այդ ծրագրի բաղկացուցիչները զորավարժություններում մշակելը և այլն, և այլն, և այլն: Հետևում են մնացել բազմաթիվ անքուն գիշերներ: Բայց դա դեռ միայն սկիզբն է ու այս հերթական անքուն գիշերը վերջինը չի լինելու: Համենայն դեպս այդպես էին մտածում հավաքվածները: Բոլորի հայացքները ուղղված են Հեյդար Ալիևի պատկերով պատի մեծ ժամացույցի սլաքներին, որոնք անխուսափելիորեն մոտեցնում են X ժամը: Եվս մի քանի վայրկյան և ամբողջ աշխարհը կիմանա, որ X=3:00: Իլհամ Ալիևի ձեռքը դրված է հատուկ հեռախոսի խոսափողին, որով նա պիտի տրվի պատերազմը սկսելու հրամանը տա ԳՇ պետ Նաջմեդին Սադիխովին, իսկ վերջինս էլ այդ հրամանը փոխանցի Բաքվից 250 կմ հեռավորության վրա անքուն սպասող գեներալներին, գնդապետերին, փոխգնդապետերին, իսկ վեջիններս էլ իրենց դարձյալ անքուն ենթականերին: Իլհամ Ալիևի աշխատասենյակի ընդունարանում անհամբերությամբ սպասում են քարտուղարուհիները, որ սկսեն նախապես պատրաստված հայտարարություններն ու հրահանգները ԶԼՄ-ներին ուղարկել: Ժամացույցը խփեց ժամը 3-ը: Բոլորը հայացնքերը ժամացույցից տեղափոխեցին հեռախոսի վրա: Ալիևը վերցնում է հեռախոսը ու զանգահարում Սադիհովին: Մյուս ծայրում Սադիխովը վերցնում է հեռախոսը ու … հանկարծ ընդունարանից աղմուկ է լսվում: Բոլորը նայում են դռան կողմը, իսկ Սադիհովը հեռախոսով “ալո, ալո” ” է ասում` չհասկանալով, թե ինչ է կատարվում: Աշխատասենյակ են խցկվում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ու ևս երկու հոգի: Քարտուղարուհիները ինչ-որ բան են ճղճղում, թե չկարողացան արգելել, նախագահական նստավայրի անվտանգության պատասխանատուն փորձում է իրեն արդարացնել, թե ինչու անկոչ հյուրերին թողեց շենքից ներս, բայց նրանց ոչ ոք չի լսում: Թուրքական դեսպանի հետ եկած մարդկանցից մեկը Ալիևին է մեկնում MIT-ի աշխատակցի իր վկայականը ու ավելացնում.
” Դուք չպիտի հիմա պատերազմ սկսեք, որովհետև դրանով կտապալեք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը ու կխաթարեք մեր հեղինակությունը:
” Հա՞: Է բա շուտ ասեիք ա՛յ մարդ, սպասել, սպասել, վերջին օրով եք ասում: Բա որ արդեն սկսած լինեի՞նք: Ախր չի կարելի տենց,- վրդովված ասում է Ալիևը, ապա դառնալով թուրք դեսպանին,- գոնե դու ասեիր:
” Դե հիմա տենց ստացվեց, մեր MIT աշխատակիցը կես ժամ առաջ է իջել օդանավից, մենք էլ բան չգիտեինք,- արդարանում է դեսպանը:
” Դե լավ, ինչ արած, ալո, Սադիխովը, բոլորին ասա թող գնան քնեն, ո՞նց թե քնեն, խռմփացնելով քնեն,- ասում Ալիևը Սադիխովին ու ցած դնում հեռախոսը:- Դուք էլ գնացեք քնեք, հոգնած կլինեք,- ավելացնում է նա` դիմելով ներկաներին:

Ահա այդպես չսկսվեց Արցախյան նոր պատերազմը:

Պիտակներ. , , , ,

Ընկերաժապավենս վերջին երկու օրում

Այ ընկերներ ջան, երկու օրվա մեջ այդքան բան գրել կլինի՞, որ դուք էլ գրել: Ես էլ մարդ եմ չէ՞: Տուն-տեղ, գործ ունեմ:

Ասեմ ինչ տեսա:

1. Եվ ուրեմն (C) շարունակվում է մեր որսկան ախպոր ՃՃՃ որսորդական արկածների բուռն քննարկումները: -Էդ ու՞մ փողերովա գնացել,- հետաքրքրում է շատերին: -Սաղ մեր ժողովրդի փողերով,- պատասխանում են իրենք իսկ հարց տվողները: Է հա ժողովուրդ ջան, որ ես էլ ամսեկան 1500 թե 2000 դոլար թոշակ ստանայի, արտասահման պետության հաշվին մեկնելու իրավունք ունենայի, ես էլ կգնայի էտ ձեր տանզանիաներում ու քենիաներում տո առյուծ խփելու էլ, տո բույվոլ խփելու էլ, տո փիղ խպելու էլ (չէ էս վերջինը ջնջեմ, թե չէ Փիղը ինձ կխփի): Ես չեմ սիրում, երբ գնում են դեգեներատի պես վանդակում կենդանի են խփում գռանատամյոտով, բայց դա կլինիկական դեպքա: Ինչ վերաբերում է որսին ու որսորդությանը, ապա դրա դեմ ոչ մի բան չունեմ, եթե, իհարկե, Հայաստանում վերացող կենդանիների որս չի:

2. Կարենի մոտ տեսա վարչապետի ցնորքների մասին գրառումը: Խոսք գնաց, մասնավորապես, դրսի համար մասնագետներ պատրաստելու թեմայի մասին: Կարենի ընդդիմախոսների մոտ, կարմիր թելով գնում էր “դրսում պատրաստված լավ մասնագետներն այստեղ պահանջված չեն, դրա համար էլ հետ չեն գալիս” միտքը: Ասեմ, որ սրա նման բան լսելուց ֆազերս քցում են: Ասեմ ինչու:

Դիցուք ունենք մի հատ երկիր: Հիմա էտ երկիրը երկիրա, թե երկիր չի, դա էական չի: Էականն այն է, որ այդ երկիրն ունի որոշակի որակի և քանակի որոշակի մասնագետների պահանջարկ, իսկ այլ մասնագետների պահանջարկ չունի և տեսանելի ապագայում չի էլ ունենա: Ընդհանրապես, կյանքը այնպես է դասավորվել, որ պահանջվող մասնագետները ոչ քյալամի թփի տակ են հայտնաբերվում, և ոչ էլ արագիլն է բերում: Պահանջվող մասնագետները պատրաստվում են երկրի կրթական համակարգի կողմից մի 15-20 տարվա ընթացքում /դպրոցից սկսած ու ասպիրանտուրաներով վերջացրած/ կամ էլ, եթե երկրում հնարավոր չէ, այլ երկրների կրթական համակարգերի օգնությամբ են պատրաստվում: Հիմա, այ ձեր ցավը տանեմ, եթե էտ անտեր արտասհմանում պատրաստված լավ մասնագետը, տվյալ երկրում պահանջված չի, ապա ինչու՞ է այդ մասնագետն ընդհանրապես պատրաստվում: Դրա փոխարեն պիտի պատրաստվի մասնագետ, որը պահանջված է:

Վերադառնալով Հայաստանին (յանիմ Հայաստանից շեղվել էի, որ հիմա էլ վերադառնում եմ էլի) ասեմ, որ դա նույնն է, որ Հայաստանը լավ կոփված երիտասարդներ ուղարկի դրսում ստորջրյա ռազմանավերի նավաստիներ դառնալու համար: Է պարզ չի՞, որ այդ նավաստին Հայաստան չի վերադառնա: Հա, հասկացա, որ բարձր տեխնոլոգիաներ, բան-ման, էսա մի երկու տարուց Ճապոնիային տալիս անցնում ենք, բայց կա մի հատ շատ պարզ ճշմարտություն, եթե դու խելքը գլխին էլեկտրիկ չես պատրաստում, ապա պետք չի, որ դու մտածես միկրոսխեմաների արտադրության մասնագետներ պատրաստելու մասին: Եթե դու խելքը գլխին զոդող (սվառչիկ էլի) չես պատրաստում, ապա պետք չի երկնաքերեր կառուցելու գործում հմուտ մասնագետներ պատրաստես: Չէ, միկրոսխեմաների արտադրության ու երկնաքերերի կառուցման գործերում գլուխ հանող մասնագետները շատ լավ բաներ են, բայց հիմա նաղդ քեզ էլեկտրիկ ու զոդող ա պետք, ու դու դա չունես:

Ի հավելումն: Իմ ֆազերը քցող մեկ այլ արտահայտություն է. “այնպես անենք, որ մեր դիպլոմը ուրիշ տեղերում անցնի”: Մեր կրթական համակարգը մեր համար պիտի մասնագետներ պատրաստի ու մեր կրթական համակարգին չպիտի հուզի, թե իրա դիպլոմը ուրիշ տեղ անցնումա, թե ոչ: Ավելին` մեր կրթական համակարգն ամեն ինչ պիտի անի, որ մեր դիպլոմը ուրիշ տեղ չանցնի, իհարկե, առանց կրթության որակին վնաս հասցնելու: Մեր մոտ լրիվ հակառակն է արվում ” որակը վնասելու գնով դիպլոմը դարձնում ենք “արտասահմաններում անցնող”:

Եվս մեկը հավելում կանեի, բայց միգուցե ոմանք վիրավորվեն:

3. Ոմն Իլյա Կրամնիկի բլոգում մի բավականին դիպուկ արտահայտություն տեսա, որը հարկ եմ համարում մի փոքր ձևաձոխությամբ մեջբերել. “Потенциалы стран это не боевые заряды, танки, носители и прочее гремящее железо, а 1) мозги и 2) яйца.”: Ով ինչպես ուզում է, թող հասկանա:

4. Կաթողիկոսի Բաքու այցի մասին: Ճիշտն ասած չեմ հետևել ու գաղափար չունեմ, թե ինչ կոնտեքստում է եղել այդ այցը: Կարողա ինչ-որ քաղաքական պահեր կան, “ռսի ոտը մեր հողում խերով ա եղել, իսկ ամերիկացունն էլ ավելի խերովա լինելու” վիճակներ, չգիտեմ: Իսկ կոնտեքստից դուրս ” Բաքուն, իհարկե, այն քաղաքն է, որի վրա բազմաթիվ հայերի անմեղ արյուն կա ծանրացած ու, այո, Բաքուն պիտի կործանվի, այնպես հողին հավասարեցվի, որ փորձառու հնագետն էլ այնտեղ բան չկարողանա գտնել: Այս լույսի տակ, Կաթողիկոսի այցը երկակի զգաողություններ է առաջացնում. ասենք գնալ էլ կա, գնալ էլ էլի: Եթե ասենք Կաթողիկոսը գնար ու Բաքվի հայկական եկեղեցիներից մեկում Բաքվում զոհված հայերի հոգեհանգստի պատարագ մատուցեր, ապա դա ուրիշ բան: Իսկ այսպես, մի տեսակ անկապ է ստացվում: Է հա, գնաց, յանիմ ի՞նչ: Ու այցի դեմ բողոքն էլ է մի տեսակ անկապ:

Ի դեպ, ասեմ, որ չուշկաների ծառուղի Կաթողիկոսի այցի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությանը չեմ հավատում, բայց դա առանձին թեմա է:

5. Մի քանի տեղ տեսա ապրիլի 24-ի թուրքական քեֆ-ուրախությունը: Ի՞նչ ասեմ: Գուցե տարօրինակ է, բայց միանգամայն հանգիստ ու առանց վրդովմունքի վերաբերվեցի այդ տեսարանին: Ընդհանրապես ոչ մի զգացողություն չառաջացավ մոտս: Ոչ զայրույթ, ոչ ատելություն, ոչ բարկություն. բացարձակապես ոչ մի բան: Այ ստամբուլյան հիշատակի բեմականացումը ինձ վրդովվեցրեց, իսկ սա` ոչ, լրիվ նորմալ է: Թուրքերն արտահայտում են իրենց անկեղծ ուրախությունը, որ հայ են սպանել: Այդպես էին 100 տարի առաջ, այդպես են հիմա ու այդպես են լինելու 100 տարի հետո: Դա թուրքի ազգի բնույթն է և դա է միակ սպասելի վարվելակերպը թուրքից: Ցանկացած այլ վարվելակերպ թուրքից կամ անոմալիա է, կամ բեմականացում: Դա պետք է հստակ գիտակցել:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Ու թող մեզնից ոչ ոք Թումանյանից խելոք ու իմաստուն իրեն չկարծի:

6. Этот на русском напишу. У ежиков была замечена книга “История Армянского Царства”.

Պիտակներ. , , , , ,

ՂՈՂԱՆԱՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

Խանգարե՞լ, ինչի՞ համար…

Գարուն էր չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես…
— Գարուն ա, ձուն ա արել…
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ կրակի՝ պես…
Արունը ջուր ա դառել…
Ձորերը շիրիմ դառան,
Վիհերը՝ գերեզմանոց.
Ջուրը մեր տունն ա տարել…
Ամեն քար՝ լուռ մահարձան,
Ամեն տուն՝ վառման հնոց.
Բնավեր հավք ենք դառել…
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ողջը լալով
— Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛…
Թրի դէմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,
— Տնավե՜ր, բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ,
— Սեւ հագիր, սեւսիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ…մահացա՛վ.
— Գարուն ա, ձուն ա արել…

Գարուն էր, Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայը զրկվեց ձագից.
Իր պոռթկուն թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
— Գարուն ա, ձուն ա արել…

…Ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա
Գառնարած-հովիվ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ երգեր.
— Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր
— Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում.
Ձկնորսը Վանա ծովում
Չփրկվեց ճարպիկ լողով…
Աղջիկը զո՜ւր էր կանչում,
— Իմ ծամթել տամ լողվորչուն…
Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ մնար մեկը գոնե
Ու կանչէր.
— Դլէ յամա՜ն…
Ա՜խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի,
— Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա…

Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամհարին կախ տվեցին
Պարանից զանգակատան…

Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը՝ արնոտ պատան…

Մայրն ընկավ՝ ծիծը թողած
Իր թմբլիկ մանկան բերնում.
Ծծի տեղ ցից խրելով՝
Խեղդեցին մինուճարին…

Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած
կչկչան հավի թառին.
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…

Կալի մեջ պապին ընկավ,
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…

Ով ծաղիկ հաց էր թխում՝
Խորովվեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բաշխի մի լաճ տղա,—
Իր արյամբ մոմը մարեց՝
Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն
— Գարուն ա, ձուն ա արել…

— Խոցեցին ու ջնջեցին
Հատեցին հաստ ու բարակ
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ.
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում,—

Ուզեցին մի հայ թողնել,
Եվ այն էլ…թանգարանում…
— Գարուն ա, ձուն ա արել…

Պիտակներ. , , , ,

“Ռուսական և Օսմանյան կայսրությունների բախման թատերաբեմ դարձավ Արևելյան Անատոլիան` պատմական Հայաստանը” ” ի՞նչ եք կարծում որտեղի՞ց է այս մեջբերումը:

ՀԱՎԵԼՈՒՄ.

Հ1-ով Լոուրենս Ջորդանի “Հայերի Ցեղասպանությունը” փաստագրական ֆիլմի անոնսում: Մեջբերվածից հետո էլ ավելացվում է սրա նման մի բան. “ռուսներին օգնելու պատրվակով Թուրքիայի կառավարությունը թույլատրեց որոշ շրջաններից տեղահանումը, թալանը ու հետո էլ ոչնչացումը”:

“Արտույտների ագարակը” ֆիլմի անոնսում էլ նշվում է. “Անատոլիայով արյան գետեր էին հոսում”:

Պիտակներ. , , , , , , ,

Տեսնես “Հատուկ ռեպորտաժ” ծրագրի ստեղծողները մարմնի ո՞ր մասով են մտածում, որ սենց էշություններ են եթեր թողնում. մոգեր, գուշակներ, ատրճանակի գնդակը կասեցրած մարդու մագնիսական դաշտ ու ես շատ գիտեմ էլ ինչ ցնդաբանություն: Ու դա Հ1-ն է:

Պիտակներ. , ,

Նահանջ առանց երգի

Երեկ երեկոյան տանը տարբեր երգեր էինք հիշում, հիմնականում ֆիդայական-հայրենասիրական. “Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում …”, “Հազար իննհարյուր յոթ թվականին, Չքնաղ մայիսի քսան և յոթին, …”, “Իբրև արծիվ սավառնում ես …”, “Ձայն տուր ով ֆիդա …” և այլն, և այլն, և այլն: Երգեր Անդրանիկի, Դրոյի, Արաբոյի, Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Մախլուտոյի մասին: Հայ ազատագրական պայքարի պատմությունն ինձ առաջին անգամ այս երգերն են պատմել: Այս երգերն են, որ ստիպել են հետաքրքրվել այս անուններով, ստիպել են կարդալ և ավելին իմանալ նրանց մասին: Այս երգերն էին, որ ինձ համար բացեցին “Անդրանիկ”, “Ռանչպարների կանչ”, “Խոսեցեք Հայաստանի լեռներ”, “Ինձ բահ տվեք” և ուրիշ շատ ու շատ գրքեր: Ով գիտի, միգուցե այդ գրքերից շատերն էլ գրվել են հենց այդ երգերի շնորհիվ: Առաջին անգամ այս երգերից եմ իմացել Մուշ, Վան, Սասուն, Զեյթուն, Առաքելոց Վանք բառերը, երբ դեռ նույնիսկ չգիտեի թե ինչ բան է քարտեզը: Այս երգերն են, որ սիրել են տվել այդ քաղաքները, որոնք աչքովս էլ չեմ տեսել, նրանք են ինձ ասել, որ դրանք իմն են:

Հետո հիշեցի մեր նորօրյա ազատամարտը: Այդ ազատամարտի մասին ինձ արդեն պատմում էր հեռուստացույցը: Պատմում էր ու անցնում, իսկ պատերազմի ավարտից հետո հեռուստացույցն էլ դադարեց: Արդյունքում մնաց միայն գիտակցությունը, որ պատերազմ է եղել: Անուններ, դեպքեր ” այդ ամենը չէր մնում, որովհետև չէր երգվում: Այն ժամանակ այդ ազատամարտին ու նրա հերոսներին նվիրված երգեր դեռ չկային գրված: Ու ցավալի է, որ այսօր էլ չեն երգվում: Չգիտեմ, գրվել են, թե ոչ, բայց չեն երգվում: Մի երգ եմ լսել Գետաշենի անկման մասին, մի երգ Ավոյի, մեկ-երկու երգ պատերազմի մասին ու վերջ: Հա, մեկ էլ Վազգեն Սարգսյանին նվիրված պետպատվեր երգը, բայց դա էլ ազատամարտի հետ քիչ կապ ունի: Կա՞ արդյոք Շուշիի ազատագրմանը նվիրված երգ, Քարինտակի պաշտպանությանը նվիրված երգ, Բերձորի համար պայքարին նվիրված երգ, Աղդամը լռեցնելուն նվիրված երգ: Կա՞ն արդյոք ստեփանակերտցիների, մարտակերտցիների, մարտունեցիների, հադրութցիների տոկունության ու քաջության մասին երգեր: Կա՞ն երգեր նվիրված մեր նորօրյա հերոսներին Լեոնիդին Ազգալդյանին, Աշոտ Ղուլյանին, Մովսես Գորգիսյանին և մյուսներին : Եթե կան էլ, ապա մնում են բոլորին անհայտ, չերգված ու մոռացության դատապարտված: Եթե չկան, ապա մեր ազգը ծանր հիվանդ է: Արցախյան ազատամարտի Խաչիկ Դաշտենցն էլ դեռ չկա: Ու հիմա որտեղի՞ց այսօրվա երեխաները լսեն այդ ազատամարտի պատմությունը: Նահանջ առանց երգի ու արդեն ոչ թե Սփյուռքում, այլ Հայաստանում ու բառի բուն իմաստով:

Պիտակներ. , , , , , ,